ԲՀԿ-ՀԱԿ հարաբերությունները գնալով ավելի են աբսուրդի թատրոն հիշեցնում։ Հասել է նրան, որ ԲՀԿ-ն արդեն չի էլ ձգտում թաքցնել, որ ՀԱԿ-ի հետ հարաբերություններում գործում է վերադաս-ստորադաս ֆորմատը ու թեև նոմինալ փորձ է արվում դա մատուցել, որպես համագործակցություն, բայց դա միայն նոմինալ։
Օրինակ՝ Արամ Մանուկյանի հայտնի հայտարարությունից հետո բվականին շատ խոսակցություններ եղան, որ ԲՀԿ-ում խիստ զայրացել են ՀԱԿ-ականների նման վարքից ու որպես պատիժ, մեկուսացրել են մասնավորապես հենց Մանուկյանին՝ Եռյակի առաջիկա հանրահավաքների մասնակցությունից։
Հիմա զավեշտը. ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը փորձել է իբր հերքել այս լուրը, բայց վայ էդ հերքելուն, որովհետև այդ հերքումը ավելի նման էր հաստատման, ինչը շառաչուն քաղաքական ապտակ է անձամբ Արամ Մանուկյանի ու ՀԱԿ-ի համար առհասարակ։
Ահա թե ինչ է ասել Մարգարյանը. «ԲՀԿ-ից եղել են կարծիքներ... Ճիշտն ասած այնքան էլ հաճելի բան չասաց նա։ Ես չեմ կարծում, որ Արամը... ուղղակի ստացվեց այդպես։ Ինքն այդպիսին չէ որպես անձնավորություն։ Բայց ԲՀԿ-ն չի քննադատել, որ Արամն էլ չգա հանդիպումներին»։
Թարգմանում եմ. ԲՀԿ-ի համար շատ տհաճ բան է եղել, ինչի համար ԲՀԿ-ն նալել ա Մանուկյանին, Մանուկյանն էլ ասել ա «միամիտ ստացվեց»։ Մանուկյանին ասել են դե նայի, էլ տենց բաներ չստացվի ու որ հաստատ իմանանք, որ էլ չի ստացվելու՝ քեզ էլ հանրահավաքների չեք տանի, համենան դեպս առաջիկա մի քանի հանրահավաքներին։