Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում սպասվում է “եռյակի” հանրահավաքը: Փորձենք վերլուծել, թե ինչ քայլեր կարելի է ակնկալել երեք կուսակցությունների միասնական գործունեությունից, ինչպես նաև անդրանադռնանք հասարակական կարծիքներին և տրամադրություններին:
ՀԱԿ-Ժառանգություն-ԲՀԿ` երեք կուսակցություններ, որոնք ժամանակին, եթե չասենք ոխերիմ թշնամիներ, ապա, հաստատ, պարբերաբար միմյանց հարվածելով են զբաղված եղել: ՀԱԿ-ԲՀԿ սուր հակամարտություն էր ընթանում 2008-ից գրեթե մինչև ՀԱԿ առաջնորդի հայտնի “քաղաքական վերլուծությունը”: ՀԱԿը և ԲՀԿ-ն բարիկադների տարբեր կողմերում էին` ռադիկալ ընդդիմություն և իշխանություն:
Ժառանգությունը և Բարգավաճ Հայաստանը նույնպես դժվար էր պատկերացնել, որ “կընկերանան”, հատկապես եթե հաշվի առնենք 2013-ի խորհրդարանական և 2014-ի նախագահական ընտրություններին ԲՀԿականների և նրանց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների ծաղրը, մեղադրանքները, “դավադրության տեսությունները”` ուղղված Ժառանգության անդամների և կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Գաղտնտիք չէ, որ ԲՀԿ-ի ամենաուժեղ քննադատներից էր հենց Ժառանգությունը: Ինքս, այն ժամանակ սատար կանգնելով Րաֆֆի Հովհաննիսյանին և հակադարձելով նրա հասցեին հնչող վիրավորանքներին, հայտնվեցի բհկական լրատվականների և ֆեյսբուքյան թիմի ռմբակոծության տակ:
Ոչ հարթ հարաբերություններ էին նաև ՀԱԿ-ի և Ժառանգության միջև: 2008-ին այս երկու ուժերը միասնական էին հանդես գալիս, սակայն հետո “սև կատու անցավ” և հարաբերությունները լարված էին: Տեղին է հիշատակել նաև, որ 2014-ի հետընտրական զարգացումների ժամանակ ԲՀԿ-ն մերժեց իր դուռը թակած Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցություն ցուցաբերել, իսկ ՀԱԿ-ին Րաֆֆին այդպես էլ չդիմեց:
Բայց ահա շուտով նրանք կողք կողքի կանգնելու են Ազատության հրապարակի հարթակում և առաջարկելու են երկրի փրկությանն ուղղված քայլել` ակնկալելով հանրության լայն զանգվածների աջակցությունը: Բարդ է լինելու, քանի որ.
ա) ընդդիմության պարբերաբար ձախողումներից հետո ժողովուրդը թերահավատորեն է վերաբերվում փոփոխությունների հնարավորությանը (տառապանքը փորձ ոնի),
բ) մարդկանց որոշակի զանգվածի մոտ առկա է վախ` կապված Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի հետ: Հիմնականում այս վախը պայմանավորված է Բարգավաճ Հայաստանի ծագման և հատկապես որոշ անդամների անցյալի հետ, օրինակ` Վարդան Օսկանյանի,
գ) Մեր ժողովուրդը “բնավորություն ունի” փողոց դուրս գալ ընտրությունից ընտրություն (ինչն էլ մեր սխալն է), իսկ հիմա, այդ առումով, կարծես որևէ իրադարձություն չկա,
դ) “եռյակին” քննադատում են և հարվածում ոչ միայն իշխանությունները, այլ նաև ընդդիմադիր այլ ուժեր, որոնց մեջ կան ինչպես շատ հայտնի դեմքեր, որոնք 2008-ի պայքարի երևացող ֆիգուրներից էին, այնպես էլ վերջին տարիներին թափ առած “քաղաքացիական ակտիվիստներ”,
Հայաստանում առհասարակ նկատվում է ժողովրդի և կուսակցությունների միջև առաջացած անջրպետ: Կարծում եմ, դա կապված է մի քանի գործոններով, որոնցից ամենագլխավորն է այն հանգամանքը, որ կուսակցությունների դերի և գործելու ոճի մասին սխալ պատկերացում է ձևավորված: Կուսակցությունները քաղաքական միավորներ են, որոնք վարում են ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ` այստեղից ենթադրվող բոլոր տարրերով: Ակնկալել կուսակցություններից ապստամբություն, զենք ու զրահով պայքար ՍԽԱԼ է: Ապստամբում է ժողովուրդը (առանձին շերտեր` ուսանողություն, աշխատավորներ և այլն), իսկ քաղաքական ուժերը կամ կանգնում են ապստամբած ժողովրդի կողքին կամ ոչ: Առաջնորդներն էլ մեծմասամբ ծնվում են ապստամբների շարքերում: Իսկ կուսակցությունները փորձ են անում խնդիրը լուծել սահմանադրական կարգի պահպանմամբ, ընդունված “դասագրքային” եղանակով, թույլատրելի գործիքներով: Դա երկարատև պայքար է, որը ենթադրում է որոշակի քայլերի հաջորդականություն և կայծակնային արդյունք պետք չէ սպասել:
Որն է լինելու հաջորդ մեծ քայլը, որը պետք է սպասել “եռյակից”: Կարծում եմ` ԱԺ լուծարում և արտահերթ ընտրություններ: Հարթակից կշարունակեն հնչել նաև նախագահի հրաժարականի պահանջները, սակայն “եռյակն էլ” միամիտ չէ և պատկերացնում է, որ դա իրատեսական չէ և կփորձի դրան հասնել` թուլացնելով իշխանության սյուները:
Շատ կարևոր է, թե հոկտեմբերի 10-ին ով կլինի խոսափողի մոտ: Ժողովրդին ուժ ու հավատ ներշնչելու համար, կարծում եմ, անհրաժեշտ է երեք քաղաքական ոժերի առաջնորդների ելույթը, նրանց հռետորաբանությունը, ընտրված բառապաշարը: Հատկապես խոսքը վերաբերում է ԲՀԿ առաջնորդին, քանի որ, ինչպես փորձը ցույց է տվել, բհկականները կարող են ծայրահեղ ընդդիմադիր ելույթներ ունենալ, “կուրծքը պատռել”, բայց իրենց առաջնորդի որոշմամբ` ամբողջ կուսակցությունը կամ նահանջում է կամ փոխում հռետորաբանությունը: Կոպիտ ասած` մարդիկ սպասում են, թե արդյոք Ծառուկյանը պատրաստ է գնալ “վա-բանկ”:
Հ.Գ. “Գնալ, թե չգնալ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին” հարցը ինձ մոտ չի առաջացել: Չի առաջացել, որովհետև Ազատության հրապարակը ԻՄ ու ԻՄ նմանների տունն է, ոչ թե քաղաքական ուժերի: Այնտեղ ես իմ տանն եմ և վերջին որոշումը իմն է` հյուրասիրել հյուր եկածին, թե խնդրել դուռը փակել հակառակ կողմից: