«Բայց նաեւ չմոռանանք, որ դրանից այն կողմ կա նաեւ Ռուսաստանի քաղաքականությունը՝ հետխորհրդային տարածքի հետ կապված, որը ենթադրում է դոմինանտ դիրքերի վերականգնում, ինչը նշանակում է` ստվերային դաշտում կամ այդ պրոյեկտից այն կողմ, կա Հայաստանի ինքնիշխանության վտանգման ռիսկ»:
Պատասխանելով մեր հաջորդ հարցին` կապված Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ մաքսակետ դնել-չդնելու խնդրի հետ, Ս.Սաֆարյանը պատասխանեց, որ դա կարող է լինել այն դեպքում, եթե Բելառուսն ու Ղազախստանը պնդեն, որ Հայաստանին արտոնություններ չտրամադրվեն, եւ Հայաստանը պետք է իր տնտեսական չափանիշները համապատասխանեցնի ԵՏՄ չափանիշներին: Այդ դեպքում Հայաստանի եւ Ղարաբաղի տնտեսական դաշտերի միջեւ տարբերություն կառաջանա եւ Ղազախստանի պահանջը` մաքսակետ տեղադրելու վերաբերյալ, թերեւս ավելի վտանգավոր կդառնա: Բայց եթե Հայաստանն, անդամակցելու դեպքում, իր տնտեսական օրենսդրության մեջ որեւէ փոփոխություն իրականացնի եւ տարբերություններ չառաջանան, բնականաբար, հիմք կունենա պնդելու, որ մաքսակետի անհրաժեշտություն էլ չկա: Թերեւս սա է պատճառը, որ Բելառուսն ու Ղազախստանը պնդում են, որ Հայաստանին արտոնություններ չտրամադրվեն` դրդելով նրան գնալ տարբերությունների Ղարաբաղի տնտեսական դաշտի հետ, ինչը նաեւ հիմք կծառայի պնդելու, որ մաքսակետ տեղադրվի: Հայաստանի եւ Ղարաբաղի տնտեսական չափանիշները նույնը պահելու դեպքում մաքսակետեր դնելու անհրաժեշտություն չի լինի»:
Ս.Սաֆարյանի խոսքով, հոկտեմբերի 10-ին սպասվող ամենալուրջ քննարկումների կիզակետում այս խնդիրն է լինելու: «Վստահ եմ, կամ իմ կանխատեսմամբ, խնդիրները չեն լուծվի, քանի որ Նազարբաեւը խոսք է տվել Ալիեւին՝ պոկել Ղարաբաղն Հայաստանից, բայց մյուս կողմից՝ պաշտոնական Երեւանը ամեն ինչ անում է, որ դա տեղի չունենա: Պաշտոնական Երեւանն ընդամենը համաձայնել է, որ Ղարաբաղը չի դառնա տնտեսական միության անդամ, բայց չի համաձայնել, որ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետեր են տեղադրվելու: Քանի որ դիրքորոշումների խիստ տարբերություն կա, դրա պատճառով Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ պայմանագիրը կարող է չստորագրվել: