Tert.am-ը գրում է.
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցուականապատման և պայթեցման դեպքի վերաբերյալ հայաստանյան պատմագիտական շրջանակը մեկ ընդհանուր եզրակացություն ունի, այն է՝ ծայրահեղական իսլամիստների գործողությունները ուղղակիորեն աջակցություն են ստանում Թուրքիա պետության կողմից և դրանք ուղղակի կապ ունեն նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ:
Tert.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ թեև տեղի ունեցած վայրագություններն ուղղակի կապել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ՝ շատ դժվար կլինի, բայց, ըստ նրա, ենթատեքստ կա, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ ծայրահեղական իսլամիստներն ի վերջո ուղղորդվում են Թուրքիայի կողմից, և ի թիվս բազմաթիվ այլ քրիստոնեական կոթողների, Սուրբ Նահատակաց եկեղեցու պայթեցումը կարող է լինել դրա շարքում, առավել ևս, որ այն Դեյր Զորի տարածքում խորհրդանշում էր հայոց Մեծ Եղեռնի նահատակների հիշատակը:
«Կարծում եմ, որ այդ վայրագությունն իսկապես կարող է ենթատեքստ ունենալ և Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին նման քայլն ուղղորդված լինի Թուրքիայի կողմից: Խնդիրն այն է, որ այդ իսլամական ուժերը, որոնց նախապես ստեղծեց Արևմուտքը, մասնավորապես՝ Միացյալ Նահանգները, դրանց ուղղորդող գլխավոր ուժը հանդիսանում է Թուրքիայի Հանրապետությունը: Անկարելի է, որ Թուրքիան այստեղ մասնակցություն չունենա»,- համոզմունք հայտնեց Աշոտ Մելքոնյանը:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանիգնահատմամբ՝ ծայրահեղական իսլամիստներն իրենց թիրախ են դարձնում այն ամենն, ինչը մուսուլմանական չէ. դրա դրսևորումներն են եզդիների կոտորածը, քրիստոնեական պատմամշակութային հուշարձանները և քրիստոնյա բնակչությունը:
«Այստեղ չենք կարող այլ հետք չտեսնել, քանի որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար հստակ է ծայրահեղ իսլամիստների և Թուրքիայի կապը և Թուրքիայի կողմից նրանց տարատեսակ աջակցությունը՝ ֆինանսական, քաղաքական և այլն: Ինչպես թուրք դիվանագետների ազատման հարցում կար պայմանավորվածություն, այնպես էլ Հայոց ցեղասպանության համար խիստ սիմվոլիկ վայրում խիստ սիմվոլիկ եկեղեցին և այդ եկեղեցուն կից Ցեղասպանության փոքրիկ թանգարանն իսլամիստների թիրախ է դարձել Թուրքիայի ուղղակի հորդորով և ցանկությամբ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ սա ծայրահեղական իսլամիստների և Թուրքիայի համագործակցության հերթական դրսևորումն է, որն իր սլաքներն ուղղեց Հայոց ցեղասպանությանը, և 2015 թվականին ընդառաջ վերացվեց Ցեղասպանությունը խորհրդանշող կարևորագույն հուշարձաններից մեկը:
Թուրքագետը կարծում է, որ Հայաստանը պետք է հանդես գա բավական կոշտ հայտարարությամբ, և արդեն արտգործնախարարի հայտարարությունը չի ուշացել, բայց նաև տարատեսակ միջազգային ամբիոններում պետք է այդ հարցը բարձրացվի, և որ ամենակարևորն է՝ պետք է ավելի մանրամասն ի ցույց դնել ծայրահեղական իսլամիստների և Թուրքիայի կապն ու համագործակցությունը նաև այս համատեքստում:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



