Ռուբեն Գևորգյանի կողմից «Երդվյալ ազատամարտիկների միության» հիմնադրումը բազմաթիվ խոսակցությունների առիթ է դարձել, որոնցում այս կամ այն կերպ այս նոր կառույցը հակադրում են Երկրապահին:
Իմ համեստ կարծիքով, առայժմ ոչ մի վատ բան չկա նման նոր կառույց ստեղծելու մեջ: Ասեմ ավելին, նման կառույց պահանջարկ կար և վաղուց ու դրա հիմնական մեղավորը գեներալ Մանվելն ու նրա մերձավոր շրջապատն է, որոնց ջանքերով Երկրապահը դարձավ մի անհասկանալի բան, որտեղ գերիշխում է անձի պաշտանմունքն ու տոտալիտարիզմը և որը այն աստիճան քաղաքականացվեց, որ դառավ քաղաքական տարբեր գործարքներում կիրառվող մանրադրամ:
Բացի դրանից, չմոռանանք, որ նույն գեներալ Մանվելի քայլերի պատճառով, երկրապահը կարելի է ասել դատարկվեց ու երբեմնի նվիրյալները թքեցին ու դուրս եկան: Նրանք դա մասսայաբար առաջին անգամ արեցին 2008-ի ընտրությունների հողի վրա, հետո էլ ֆուտբոլային դիվանագիտության փուլում, որովհետև այդ երկու դրվագներում Մանվելը ոտնահարեց այն իդեալներն ու սկզբունքները, որոնց վրա հիմնված էին ԵԿՄ-ի սկզբունքներն ու փիլիսոփայությունը:
Սակայն այս դաշտի մոնոպոլիզացիան պահպանվում է ու առաջվա պես գտնվում է Մանվելի ձեռքերում, որովհետև թեև թուլացած և այլասերված, բայց ԵԿՄ-ն մինչև վերջերս շարունակում էր մնալ իր տեսակի մեջ միակ կառույցը, իսկ դուրս եկողներն էլ հայտնվում էին վակուումում: Այդ իսկ պատճառով կարևորում և արժևորում եմ Ռուբեն Գևորգյանի կողմից նախաձեռնված նոր կառույցի հիմնադրումը, որովհետև այն կարող է դառնալ երկրորդ բևեռը և հաշվի առնելով դասերը՝ չկրկնի այն սխալները, որոնք արեցին Եկմ-ում, որովհետև անկախ ամեն ինչից, մեզ պետք են կառույցներ, որոնք հետամուտ կլինեն ազատամարտիկների շահերին և ում օրակարգում մշտապես կլինի հայրենիքի պաշտպանության հիմնախնդիրը:
Այսքանով հանդերձ, ուզում եմ առանձին ակնարկել, որ նոր կառույցը պետք է մաքսիմալ զերծ մնա քաղաքկանացվելուց ու կուսակցականացվելուց, որովհետև այդ դեպքում, որակային առումով այն ոչնչով էլ չի տարբերվի ԵԿՄ-ից ու հույս ունեմ, որ դրական նախադրյալներով այս նախաձեռնությունը այնքան չեն այլասերի, որ մի գեղեցիկ օր այն դիտարկեն որպես ԲՀԿ-ական ինչ որ պրոյեկտ, այլ կլինի ինքնուրույն ու ինքնաբավ մի կառույց, որը կզբաղվի ոլորտին վերաբերող հարցերով, այլ ոչ թե քաղաքական փիառով ու լոբբինգով: