Հունգարական իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին՝ Ադրբեջանին արտահանձնման և ժամեր անց Իլհամ Ալիևի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպանին ներում շնորհելու լուրն, իսկապես, համահայկական վրդովմունք է առաջացրել: Տանը, աշխավայրերում, փողոցներում բոլորը խոսում են այս մասին: Մի կողմ դնելով հնչող հիմնավորապես հասկանալի զգացմունքային տեսակետներն ու գործողությունների գաղափարները, որոնք բոլորն էլ կյանքի իրավունք ունեն, մենք, որպես ժողովուրդ ու պետություն, պարտավոր ենք ցուցաբերել սառնասրտություն և գնալ թիրախավորված առավելագույն արդյունքին հասնելու ճանապարհով: 

Որքանով այս պահին հիշում եմ, համաշխարհային նորագույն պատմությունը՝ ամենաբռնատիրական վարչակարգերի պատմությունն անգամ, նման նախադեպ չի հիշում, երբ պետության գլուխը իրեն դրսևորում է որպես շարքային քիլլեր: Հայատյացությունը որպես երկրի արտաքին քաղաքականության անկյունաքար հռչակած ու մարդասպաններին հերոսացնելու բացառիկ տաղանդ ունեցող Իլհամ Ալիևն իր այս քայլով իրեն հակադրում է արդեն ոչ միայն միջազգային իրավունքին, այլև առողջ բանականությանը և քաղաքակրթության զարգացման հիմքում ընկած հումանիզմի տարրական սկզբունքներին: Սա որպես կանոն չի ներվում: 

Որպես մարդ, ով աշխատել է Նախագահ Սարգսյանի հետ և ով հանգամանքների բերումով ներկա է եղել տարիներ առաջ Սարգսյան-Լասլո Շոյոմ (Հունգարիայի նախկին նախագահ) բանակցություններին, կարող եմ վստահաբար ասել, որ մեր գործողություններն ու քայլերը կլինեն սառնասրտորեն հաշվարկված, կլինեն համաչափ, կլինեն ապակենտրոնացված, կլինեն արդյունավետ, իսկ նրանցից մեկը կլինի շառաչուն: 

Ժամանակն ու դեպքերի ընթացքը ցույց կտա, թե որքանով էր ճիշտ Ալիևի այդ որոշումը, և ինչ շահեց կամ կորցրեց Ադրբեջանն ու նրա սեփականատերը: Ճիշտ նույնպիսի զգացմունքային որոշումներ ճամանակին կայացրել են նաև Ալիևի նախորդները՝ Ադրբեջանի համար խիստ տեսանելի հետևանքներով: Ու Իլհամ Ալիևն էլ, բնականաբար, ոչ թե իր ու իր ընտանիքի, այլ սեփական երկրի ու ժողովրդի շահերի հաշվին կփոխհատուցի պետություն ու ժողովուրդ ղեկավարելու համար անհրաժեշտ տարրական իմաստնության բացակայության համար, ինչպես իր նախորդները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել