Գաղտնիք չէ, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների համատեքստում Եվրամիությունը սատարում է Ուկրաինայի ներկա կառավարությանը: Սակայն սատարել էլ կա, սատարել էլ:
Որքան իրադարձություններն ավելի են սրվում, այնքան նույնիսկ Ուկրաինայի իշխող շրջանակներում է ամրապնդվում այն համոզումը, որ Եվրամիության սատարումը կրում է եթե ոչ դեկլարատիվ, ապա, համենայն դեպս, ոչ շոշափելի բնույթ: Ու այս առումով պատահական չէ, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում հիշեցնում են եվրոպական երկրների առաջնորդներին, որ այժմ ուկրաինացիները պայքարում են հանուն ողջ Եվրոպայի բարեկեցության և կոչ են անում ցուցաբերել գործնական աջակցություն, դրսևորելով «իրական համերաշխություն» Ուկրաինայի հետ:
Իհարկե, եվրոպական գործիչները հայտարարությունների մասով ամենևին էլ ժլատություն չեն ցուցաբերում: Ավելին՝ կիրառում են պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ: Սակայն Ուկրաինան այդ ամենից որևէ օգուտ չի քաղում:
Սակայն այդ ամենով հանդերձ հարկ է հարցնել՝ իսկ ի՞նչ էր ակնկալում Ուկրաինան Եվրոպայից: Եթե ռազմական աջակցություն՝ ապա սա ի սկզբանե աբսուրդային տարբերակ էր, քանզի լուրջ ռազմական ռեսուրս Եվրոպան չունի, ավելին՝ որպես միացյալ ռազմական կառույց երբեք ռազմական օպերացիաներ առանբց ամերիկյան աջակցության չի իրականացրել: Դա էլ միայն այն դեպքում, երբ վստահ է եղել, որ հակառակորդը չի վայելում որևէ այլ գերտերության (ասենք, Ռուսաստանի կամ չինաստանի աջակցությունը): Եթե տնտեսական՝ իհարկե, որոշակի աջակցություն կլինի, սակայն պետք չէ մոռանալ, որ Եվրամիությունն այժմ ինքն է տնտեսական խնդրի առջև, քանզի հենց Եվրամիության անդամներից առնվազն 6 երկիր (Պորտուգալիա, Իսպանիա, Հունաստան, Իռլանդիա, Ռումինիա, Բուլղարիա) գտնվում է ճգնաժամայաին վիճակում և Եվրամիության առաջնահերթությունն է հենց այդ երկրների տնտեսությունը խելքի բերելը: Մինչդեռ ուկրաինական տնտեսությունը բարենորոգելը ենթադրում է մի քանի տասնյակ միլիարդ եվրոյի ներդրում, ինչն այժմ Եվրամիության ուժերից վեր է:
Դե իսկ եթե ակնկալվում էր զուտ քաղաքական աջակցություն՝ ապա այն կա, բայց դրանից չի շահում առճակատման ուղղակի կամ անուղղակի մասնակիցներից և ոչ մեկը:
Ու այստեղ է ծագում հարցերի հարցը՝ ուկրաինական իշխանություններն են այդքան միամիտ, թե՞ իրենց «դաշնակիցներն» են իրենց խաբել:
Ու այստեղ է, որ ի հայտ է գալիս մի պարզ ճշմարտություն՝ Ուկրաինայի կարգի երկրները պետք է լինեն չեզոք պետություն: Կամ էլ՝ պարզապես չլինեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1464403313824658?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել