Ներքաղաքական զարգացումները, փաստորեն, բերեցին մի հետաքրքիր հանգրվանի, երբ սեպտեմբերին սպասվող քաղաքական վայրիվերումների ու ակտիվացումների նախաշեմին Քառյակը կանգնեց գարնանը ընթացող պայքարը նույն թափով վերսկսելու խնդրի առաջ:

Հասկանալու համար, թե որքանով է հնարավոր զարգացումների այդ տարբերակը, պետք է հասկանանք նաև մասնակից ուժերի գործունեության տրամաբանությունը: Այսպիսով` գարնանը ընդդիմության տարափից կորացած ու ինչ-որ առումով պարտվողական կառավարությունը փոխարինվեց նոր կառավարությամբ, որն ամբողջ ամռանը մեծ թափով աշխատելով, միայնակ ձևավորեց ներքաղաքական ամբողջ օրակարգը: Իրադարձություններն ու մեկնաբանությունները վերջին երկու ամիսներին պտտվում էին Հովիկ Աբրահաքմյանի ու նրա կառավարության շուրջ, որին ընդառաջ գնալը, ինչ խոսք, վարչապետի կողմից համարձակ քայլ կարելի է համարել:

Մյուս կողմից ընդդիմությունը, որը գարնանը համախմբման փուլ էր ապրում ու հասարակության դժգոհ զանգվածի մոտ էլ ոգևորություն էր առաջացնում, ամառվանից հետո տարաձայնությունների հաղթահարման խնդրի առաջ կանգնեց: Խոսքը Սահմանադրական բարեփոխումների ու Կուտակայինի հարցով ՍԴ դիմելուն է վերաբերում: Ըստ ամենայնի, Քառյակի միասնականությունը կկարողանա հաղթահարել այս տարաձայնությունները քառյակի անդամներն իրենց ընդհանուր շահերի շուրջ դեռևս միասնական կմնան: Հարցն այն է, թե որքան կարող է դա շարունակվոլ, քանզի մանր հարցերում ունեցած տարաձայնությունները, որոնք ի վերջո լուծվում են այս կամ այն քաղաքական ուժի շահերին համապատասխան, կարող են հանգեցնել քառյակի անդամ ուժերի շահերի հեռեցման, ինչպես նաև տարաձայնությունների այլ` ավելի գլոբալ հարցերում:

Այսպիսով, Քառյակի ներկայացուցիչները թեև հայտարարում են, որ այդ մասնակի տարաձայնությունները նորմալ են ու բնական, բայց գլոբալ հարցերում նրանց միասնականությունը դեռևս ապացուցման կարիք ունի: Ըստ որում, միայն ու միայն այդ միասնականությունից են կախված առաջիկա զարգացումներում քառյակի հաջողությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել