Հաճախ հարց է հնչում՝ ինչու Ռուսաստանը, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, չի կարողանում դեռևս ձեռք բերել վստահելի դաշնակիցներ աշխարհով մեկ: Պատճառները շատ են՝ քաղաքական, տնտեսական, հանրային, սակայն այստեղ կանդրադառնանք մեկին՝ ռազմականին:
Խորհրդային Միությունը ունեցել է բազմաթիվ ռազմավարական դաշնակիցներ՝ Լեհաստան, Չեխոսլովակիա, ԳԴՀ, Ռումինիա, Բուլղարիա, Հունգարիա, Վիետնամ, Հյուսիսային Կորեա, Կուբա, Լաոս, Մոնղոլիա, Անգոլա, Եգիպտոս, Սիրիա, Աֆղանստան... Ու միշտ սատարել է նրանց և անվերապահորեն կատարել դաշնակցի պարտավորությունները: Հայտնի է դաշնակցին լքելու միայն մեկ դեպք՝ 1989թ. Աֆղանստանից հեռանալը, ինչի արդյունքում երկիրը հայտնվեց մոջահեդների, ապա և թալիբների իշխանության ներքո, իսկ ԽՍՀՄ բարեկամ, Աֆղանստանի Նախագահ Մոհամադ Նաջիբուլլայի կյանքն ունեցավ ողբերգական ավարտ:
Ռուսաստանի մասին նման պնդում անել չի ստացվում: Վերջին 15 տարիների ընթացքում Ռուսաստանն իր առնվազն երեք դաշնակիցների է լքել, ինչը հանգեցրեց այդ երկրների կործանմանը՝ բառի բուն իմաստով:
1999թ. Հարավսլավիան համախամբված էր և պատրաստ դիմակայելու իրեն բոլոր առումներով գերազանցող ՆԱՏՕ-ի ուժերին: Միայն մեկ բան էր պակասում՝ հակաօդային պաշտպանության միջոցների անհրաժեշտ քանակությունը, որն ակնկալվում էր ստանալ Ռուսաստանից: Սակայն իր արյունակից եղբայր, սերտագույն դաշնակից և Բալկաններում հավերժական շահեր ունեցող Ռուսաստանը դեմ գնաց իր իսկ շահերին և Հարավսլավիային չտրամադրեց ո´չ այդ միջոցները, ո´չ էլ ցուցաբերեց այլ շոշափելի ռազմական օժանդակություն: Արդյունքը եղավ այն, որ Ռուսաստանը ոչ միայն կորցրեց Բալկաններում իր միակ հավատարիմ դաշնակցին, Հարավսլավիան հինգ տարի անց դադարեց գոյություն ունենալուց, իսկ Ռուսաստանի բարեկամ և Հարավսլավիայի Նախագահ Սլոբոդան Միլոշևիչը հայտնվեց Հաագայի բանտում, ուր և հետագայում վախճանվեց:
2003թ. Ռուսաստանի աջակցությունն էր ակնկալում այդ երկրի հետ բազմամիլիարդանոց նավթային պայմանագրեր ունեցող Իրաքը: Սակայն կրկին Ռուսաստանը չցանկացավ դիմակայել ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային արդեն Իրաքում, ինչի արդյունքում ինքը կորցրեց թե´ դաշնակցին և թե´ միլիարդավոր նավթադոլարներ, երկիրը հայտնվեց կործանման եզրին և երկարամյա քաոսի ճիրաններում, իսկ երկրի առաջնորդ Սադամ Հուսեյնի կյանքն ունեցավ ողբերգական ավարտ:
2011թ. իրաքյան պատմությունը կրկնվեց Լիբիայում: Երբ ԱՄՆ-ն սկսեց հավաքել դաշնակիցներ լիբիական ինտերվենցիան իրականցնելու համար, Ռուսաստանը, չգիտես ինչու, դադարեցրեց սարքավորումների և զինտեխնիկայի պահեստամասերի մատակարարումը Լիբիա, անգամ վերադարձրեց բեռնաթափմանը պատրաստ նավը, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության ժամանակ մնաց ձեռնպահ, ինչի արդյունքում զրկվեց մի քանի հարյուր միլիոն դոլարից, իսկ արտադրող ռուսաստանյան գործարանները հայտնվեցին սնանկացման եզրին: Իսկ վերջնարդյունքը հայտնի է բոլորին՝ երկրում քաոս է, իսկ Լիբիան ծաղկեցրած ու զարգացրած Մուհամմար Քադաֆիի կյանքն ունեցավ ողբերգական ավարտ:
Ու միտումն ակնհայտ է՝ Ռուսաստանի հետ ռազմավարական բարեկամության համար բարեկամ երկրների առաջնորդները վճարում են իրենց կյանքով: Սակայն դա քիչ է՝ աշխարհքաղաքական պայքարն այդ ամենի արդյունքում մոտենում է Ռուսաստանի սահմաններին:
Իսկ հետո Սիրիան էր: Սակայն այնտեղ էլ դեռ չավարտված՝ պատերազմը իր ողջ թափով տեղափոխվեց Ռուսաստանի սահմաններ, այն է՝ Ուկրաինա: Իսկ այդ ամենը կարող էր և չլինել, եթե Ռուսաստանը այդ երեք դեպքերից գոնե մեկում վճռականություն դրսևորեր և զսպեր արևմտյան «բազեների» ախորժակը:
Ինչպես ասում էր մեծն Ուինսթոն Չերչիլը՝ տրված էր ընտրություն պատերազմի և անպատվության միջև: Նախորդ երեք դեպքերում Ռուսաստանն ընտրեց անպատվությունը: Եվ ստացավ պատերազմ:
Չմոռանանք նաև, որ այդ երեք պատերազմներում արևմտյան ուժերի կորուստները համեմատաբար ցածր էին: Ու նաև այդ պատճառով նրանք կարողացան մարսել դրանք:
Իսկ եթե լիներ այնպես, ինչպես Վիետնամում, ապա ախորժակն էլ վաղուց կզսպվեր, հաղթանակն էլ կդառնար իրականություն:
Միայն թե՝ Վիետնամի դաշնակից ԽՍՀՄ-ը իր դաշնակցին չլքեց և ոչ մի պահ: Ինչը Ռուսաստանի մասին ասել չի լինի:
Ու այն պատերազմը, որը Ռուսաստանը կարող էր մղել Բելգրադում, Բաղդադում կամ Տրիպոլիում, այսօր ստիպված է մղել Դոնեցկում ու Լուգանսկում:
Ու եթե չհաղթի՝ 75 տարի անց կրկին ստիպված կլինի պատերազմել Մոսկվայի մոտ կամ Ստալինգրադում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1462591580672498?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել