Հենակետը բավական բարդ դիրք ուներ: Դիրք հասնելու ճանապարհն էլ վտանգավոր էր, որովհետև կային բաց, հակառակորդի համար տեսանելի հատվածներ, և դրանք փակելն անհնար էր: Երբ տեղ հասանք, համոզվեցի, որ հնարավոր չէ հենակետից հրաժարվել, քանի որ այդպես վարվելու դեպքում բավական մեծ տարածքում հակառակորդին անկաշկանդ գործելու հնարավորություն կտրվի:

Հենակետի ավագ կրտսեր սերժանտ Գևորգ Մարգարյանը համապատասխան զեկույցով մեզ ներկայացրեց իրավիճակը:

-Կրակոցներ լինում են, բայց այսօր հանգիստ է:

Գործընկերներս վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Առաքելյանի, ԶՈՒՊ խմբի ավագ սպա, կապիտան Էդուարդ Ստեփանյանի ուղեկցությամբ գնում են դիտակետեր, իսկ ես շարունակում եմ զրույցը ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արտակ Սարգսյանի և նրա զինվորների հետ:

-Մեր զգոնությունը չենք թուլացնում, հակառակորդը միշտ պիտի զգա մեր շնչառությունը, հակառակ դեպքում կարող է նախահարձակ լինել,- ասում է Արտակը:

-Իսկ այս բարձունքի հենակետից չե՞ն կրակում:

-Պատահում է՝ կրակում են, բայց ոչ ուղիղ նշանառությամբ: Հավանաբար, հաշվի են առնում, որ մենք էլ իրենց մյուս դիրքերի նկատմամբ առավելություն ունենք:

-Ես վանաձորցի եմ, դպրոցն ավարտել եմ ու զորակոչվել, համազորային ուսումնականից հետո տեղափոխվել եմ այստեղ: Արդեն մեկ տարի մարտական հերթապահություն եմ կատարում, աշնանը կզորացրվեմ,-ասաց Արտակը ու ներկայացրեց իր ջոկի զինվորներից շարքային Չիչով Ալեքսանդրին:

-Ազգությամբ մոլոկան եմ` Լերմոնտովո գյուղից: Երկու եղբայր ենք, ես փոքրն եմ, մեծ եղբայրս ուսանող է:

Երբ հարցրի, թե ինչպիսին է մոլոկանների վերաբերմունքը զինվորական ծառայության նկատմամբ, Ալեքսանդրն ասաց.

-Շատ լավ, մենք պարտավոր ենք ծառայել մեր երկրի բանակում և նամուսով էլ ծառայում ենք: Մեր գումարտակի մյուս վաշտում էլ ընկերս՝ շարքային Վասիլի Մինասուևն է մարտական հերթապահություն կատարում:

Մարդկային փոխհարաբերությունների մասին զինվորն ասաց.

- Ազգությունը կապ չունի, բոլորս եղբայրներ ենք, ավելին՝ հաճախ այնպիսի հարցեր են լինում, որ տղերքը սկզբից մտածում են մեր մասին, ուզում են, որ նախ մեզ համար լավ լինի, հետո՝ իրենց: Չէ՛, անկեղծորեն եմ ասում, մենք մեզ շատ լավ ենք զգում, քանի որ մի հող ու ջրի մարդ ենք:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Աղբյուր` Hayzinvor.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել