ՆարինեԹուրքիայում ազատ են արձակել երկու եղբայրներին, որոնք շանտաժի էին ենթարկել Հայաստանի քաղաքացի Նարինե Մկրտչյանին և նրան դրդել ինքնասպանության:
2012 թվականի փետրվարին Նարինեն, ով եղբոր` Ժորայի հետ բնակվում էր և աշխատում Ստամբուլում, ինքնասպանություն էր գործել` ընդունելով մեծ քանակությամբ դեղահաբեր:
Ավելի ուշ պարզվել էր, որ հայ աղջիկը նման քայլի էր դիմել, քանի որ նրա սիրեցյալը` ազգությամբ թուրք Օրհան Օքումուշը սպառնացել էր հրապարակել նրա մերկ լուսանկարները համացանցում:
Օքումուշը պնդել էր, որպեսզի Նարինեն քնի նաև նրա եղբոր` Բարըշի հետ: Հայ աղջիկը, սակայն, հրաժարվել էր, ապա դիմել ինքնասպանության:
Օքումուշ եղբայրները ձերբակալվել էին և նրանց առաջադրվել էր մեղադրանք շանտաժի ենթարկելու և ինքնասպանության դրդելու հոդվածներով:
Այսօր կայացել է նրա մահվան գործով հերթական դատական նիստը: Ստամբուլի դատարանի որոշմամբ` 6 ամիս կալանքի տակ պահվելուց հետո թուրք եղբայրներն այսօր ազատ են արձակվել:
Դատական նիստի ժամանակ լսվել են նաև գործով որպես վկաներ անցնող, Նարինեի հետ նույն արծաթագործական սրահում աշխատող աղջիկների վկայությունները:
Նրանք նշել են, որ «ինքնասպանության օրը Նարինեն շատ վատ տրամադրություն է ունեցել»: Նրանք կոչ են արել հայ աղջկան սխալ քայլեր չանել: «Հեռանալուց առաջ նա մեզ երկար գրկեց, աչքերում արցունքներ կային»,-այսպես են նկարագրել իրենց վերջին հանդիպումը Նարինեի հետ թուրք աղջիկները:
Դատարանն այսօրվա նիստում որոշել է նրանց նկատմամբ գործը շարունակել առանց կալանք կիրառելու: Օրհանի համար դատարանը պահանջում է 4-ից 12 տարվա ազատազրկում, իսկ Բարըշի համար` 2-ից 6 տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել