Մեր երկրի պաշտոնատար անձինք վերջին օրերին սկսեցին հայտարարագրման գործընթացը և պարզվեց, որ փոքրիկ Հայաստանում ապրում է ավելի շատ միլիոնատեր՝ քան աշխարհի որևէ այլ երկրում: Հետաքրքիր է, որ նրանց բանկային հաշիվներում ( արդյոք՞ նրանք ունեն միայն մեկ բանկային հաշիվ) կուտակված մի քանի միլիոն դրամը և հազարավոր դոլլարները՝ ըստ պաշտոնյաների արդարացումների` կուտակվել են միայն <չոր> աշխատավարձի շնորհիվ : Շարքային քաղաքացին աշխատավարձ ստանալիս չի էլ հասցնում հոգալ իր բոլոր ծախսերը` փակում է<վերասիա> վերցրած սննդամթերքի պարտքերը, վճարում է վարկերի տոկոսները և կոմունալ ծախսերը, հազիվ կարողանում է գնել մի պարկ ալյուր և նորից շարունակում է ապրել պարտքերով՝ մինչ հաջորդ աշխատավարձ ստանալը: Ինչպես՞ է պատահել, որ մեր պաշտոնյաները իրենց աշխատավարձը կուտակում են բանկերում և չեն ծախսում , այդ դեպքում ինչպես՞ են նրանք ապրում մեկ ամիս շարունակ, ինչով՞ են սնվում, որտեղից՞ են վարում այդ շքեղ ավտոմեքենաները, ինչ՞ միջոցներով են կառուցել և կառուցում իրենց բազմահարկ <պալատները>, : Ամենածիծաղելին այն է, որ նրանք չեն հայտարարագրում իրենց պատկանող, բայց ուրիշների անուններով գրանցված տարատեսակ բիզնեսները, որոնցից էլ ստանում են միլիոնավոր դոլլարների եկամուտ և այդ իսկ պատճառով էլ իրենց ստացած <մի քանի կոպեկ> աշխատավարձը աչքերին չի էլ երևում: Ասենք` փաստաթղթային մակարդակով ցույց չտվեցին իրենց իրական ունեցվածքը և եկամուտ ապահովվող ընկերությունները, բայց բոլորս էլ գիտենք, թե ով ինչ՞ ունի և որը ում՞ է պատկանում: Ուղղակի ծիծաղելին այն է, որ այդ միլիոնավոր դոլլարներ կամ դրամներ արժեցող ընկերությունները գրանցվել են այնպիսի մարդկանց անուններով, ովքեր կամ աշխատանք չունեն, կամ մեր երկրի միջին աշխատավարձն են ստանում, կամ իրենք էլ են զարմանում, որ չեղած տեղից այդպիսի օֆիսների <տեր> են դարձել: Ստացվում է, որ մեր պաշտոնյանները տուն չունեն և այդ շքեղ առանձնատներում ապրում են վարձով, կամ ինչու՞ իրենց վարած ամենաբարձր դասի ավտոմեքենաների փոխարեն չեն երթևեկում հայտարարագրված <Մոսկվիչներով> կամ <Ժիգուլիներով>: Իսկ ինչու՞ չեն հրապարակվում այն մարդկանց անունները, ովքեր մեր պաշտոնյաններին պատկանող բիզնեսների <իրական տերերն> են, ինչու՞ համապատասխան մարմիննեը չեն պարզաբանել, թե որտեղից՞ հանկարծ նրանք մի առավոտ արթնացան ու դարձան հայտնի ընկերությունների տեր ու տիրական: Ուրեմն պետք է պարզել, թե ովքեր՞ են այդ <կռիշ> ու <պռախոդ> ունեցող անհայտ միլիոնատերերը, որոնք ազատ բիզնես են վարում Հայաստանում և մի բան էլ համարձակվում են հարկեր չվճարել, կամ էլ վճարել նախատեսվածից շատ քիչ: Իսկ ինչու՞ այդ <Քաջ Նազարի> բախտը մեզ էլ չի վիճակվել, որ մի օր էլ մեզ ասեն թե, < այսօրվանից այսինչ գործարանի տերը դուք եք, քանի որ տեր չուներ և ինքն իրեն աշխատում էր >: Ինչքան՞ կարելի է <թոզ> փչել ժողովրդի աչքերին, ինչքան՞ կարելի է թալանել ու անմեղ ձևանալ, ինչքան՞ կարելի է վարկերի տակ կռացած ժողովրդի վրա ծիծաղել, ինչքան՞ կարելի է նրանց դեպքում շրջանցել, իսկ մեր դեպքում խստորեն կիրառել օրենքները, ինչքան՞ կարելի է հատուկ արտոնություններով օժտել <բարձր աթոռ> ունեցողներին ու նրանց շրջապատողներին, իսկ մեր <կաշիները քերթելով > բյուջե լցնել: Անհարմար է, բավական է շարունակեք այս սերիալային սցենարով գրված վատ ներկայացումը: Եթե իրոք ոչ մի սեփականություն չունեք, ուրեմն ձեր անթիվ բիզնեսները տվեք մեզ, մենք կհայտարարագրենք դրանք ու պարզ ճակատով էլ կասենք , որ այս ամենը մեզ է պատկանում և հարկ եղած դեպքում էլ Ձեզ կօգնենք, որ միայն աշխատավարձի հույսին չմնաք և ապրեք մարդավայել կյանքով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել