Արեւմուտք-Ռուսաստան փոխադարձ տնտեսական պատժամիջոցներից Հայաստանը փորձում է օգուտով դուրս գալ: Հովիկ Աբրահամյանը ձեռք ու ոտք է ընկել, հանձնարարել է գյուղնախարարությանը՝ աշխատանքային խումբ ստեղծել: «Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու, ագրոպարենային արտադրանքի արտահանման ծավալներն ավելացնելու եւ արտահանման գործընթացը համակարգված կազմակերպելու նպատակով» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով օրերս ստեղծվել է աշխատանքային խումբ: Ռուսաստա՞նն է առաջարկել նման համակարգված ձեւով ընդլայնել արտահանման ծավալները, թե՞ իրենք են նախաձեռնել, եւ այս գործում ո՞րն է հանձնաժողովի դերակատարումը: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը մեզ հետ զրույցում երեկ ասաց, որ հիմնական խնդիրը արտահանման գործընթացները համակարգված իրականացնելն է, եւ արտահանողները, խնդիրներ ունենալու դեպքում, զանգահարեն իրենց՝ լուծումներ ստանալու համար: Երեկ էլ վարչապետի մոտ է խորհրդակցություն եղել՝ վերամշակողների ու արտահանողների մասնակցությամբ: ՀՀ-ում ռուսական առեւտրացանցերի ներկայացուցիչները Հայաստանում բանակցություններ են վարում արտահանումը խթանելու ուղղությամբ: «Ռուսաստանի առեւտրացանցերի ներկայացուցիչները եկել են՝ կոնկրետ կազմակերպությունների հետ բանակցություն են վարում ապրանքների մատակարարման առումով»,-ասաց փոխնախարարը՝ նշելով, որ հանձնաժողովը խոչընդոտների հաղթահարման համար է ստեղծվել, հատկապես տեխնիկական մասով: ՀՀ արտահանող, վերամշակող կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ այս օրերին Ռուսաստանում են ու քննարկում են ծավալների հետ կապված հարցերը: Թե գերտերությունների փոխադարձ տնտեսական սանկցիաներն ինչպես կանդրադառնան ՀՀ տնտեսության աճի վրա՝ Ռուսաստան արտահանման ծավալները մեծացնելով, փոխնախարարը չկարողացավ նշել, քանի որ այդ պահին տվյալներ չկային ձեռքի տակ: Խնդիրը հանկարծակի վրա հասավ, որին հայ արտահանողներն ու տնտեսվարողները պատրաստ չէին: Ինչ վերաբերում է արտահանման ծավալների մասով ծագած խնդիրներին, նշեց. «Խնդիրը վերամշակողների եւ արտահանողների հետ է եղել, արտահանումը կիրականացնեն՝ տվյալ ապրանքներով միայն ներքին շուկան բավարարելուց հետո»:
Մի բան պարզ է, որ Հայաստանը չունի սննդամթերքի այդչափ ավելցուկ, որպեսզի կարողանա անհապաղ սկսել արտահանումը եւ մեծ շահույթներ ստանալ: Պարզ է նաեւ, որ ճանապարհների, բեռնափոխադրումների խնդիր կա, եւ արտահանումը կազմակերպելու համար պետք է այդ հարցերը եւս լուծվեն:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում



