1in.am-ը գրում է.
«Ես կոռումպացված չեմ, իմ ընտանիքը ապրում է այնտեղ, որտեղ ապրել է, և ես մետրոյով եմ երթևեկում»,- այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իրեն առաջադրված 5 միլիոն դոլարի պետական միջոցները յուրացնելու մեղադրանքի կապակցությամբ: Նախկին նախագահի խոսքերով՝ այն գումարները, որոնց մասին հայտարարել է դատախազությունը, իրականում ծախսվել են հյուրերի ընդունման, պալատի ծախսերի, զբոսաշրջության գովազդման և զավթված տարածքները չճանաչելու քաղաքականության վրա, գրում է apsny.ge-ը:
«Հարցնում են, ինչո՞ւ եմ Պերու մեկնել: Կարծում եք, ինձ հաճելի՞ էր Պերու մեկնել: Պերուում նախագահ էին ընտրել, որը Կոնգրեսում հայտարարել էր, որ նրանք պետք է ճանաչեն Աբխազիան և Հարավային Օսեթիան: Պերուի կողմից ճանաչումը մեզ համար ծանր հարված կլիներ: Ես մի քանի տեղ կանգ առնելով հասել եմ Պերու: Այնուհետև ինձ մշակութային արարողության հրավիրեցին, որտեղ ներկա էին պերուացի պատգամավորներ, լրագրողներ, նախագահի ադմինիստրացիայի ներկայացուցիչներ: Ինչո՞ւ պետք է հրաժարվեի: Այդ անամոթները գրել են նաև այն մասին, թե որոշ երկրներում, որտեղ մեծ է ճանաչման վտանգը, ինձ թանկարժեք նվերներ են մատուցել: Իսկ եթե դա չանեին և դրան (զավթած տարածքների ճանաչմանը) ևս 20 պետություններ միանային, մենք հասկանում ենք, թե ինչ կլիներ:
Ես կոռումպացված եկամուտներ չունեմ: Ինքը՝ Իվանիշվիլին պատմել է, որ 100 միլիոն է առաջարկել և ես հրաժարվել եմ, իբր, տեսեք, թե ինչ կոռումպացված է նա: Ես կոռումպացված չեմ: Իմ ընտանիքը ապրում է այնտեղ, որտեղ ապրել է մինչև իմ նախագահությունը: Ինձ մոտ ոչինչ չի ավելացել, սակայն երկրի բյուջեն մեծացել է 11 անգամ»,- հայտարարել է Սաակաշվիլին:
«Քանի տարի Իվանիշվիլին հայտարարում էր, որ Սաակաշվիլին 19 միլիարդ է յուրացրել: Իվանիշվիլին ոչ միայն հայտարարում էր, այլև ինքն էլ սկսել էր հավատալ այդ լուրերին: Այդ 19 միլիարդից հետո ասել, որ Սաակաշվիլին 8 միլիոն է վերցրել, ուղղակի ծիծաղելի է»:
Նրա խոսքերով՝ «Վրաստանի նախագահին, ով 9 տարի շարունակ Վրաստանը ներկայացնում էր աշխարհին, ով այդ ամբողջ ժամանակահատվածում 50-ից ավել գագաթնաժողովների է մասնակցել, երբ Վրաստանում եղել են առաջատար գրեթե բոլոր երկրների առաջնորդները, այդ ամենը ընդամենը 7 կամ 8 կոստյում է արժեցել:
«Եվ այս ամենի համար Իվանիշվիլին պատասխան կտա»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը և հարցրել. «Ի՞նչ նախագահ կնախընտրեիք դուք. Նրան, ով մասնավոր ինքնաթիռներով է երթևեկում, թե մյուսին, ում պահում է պետություն, սակայն ոչ մեկին թույլ չի տալիս փողեր լվանալ»:



