Ռուսաստանի Դաշնության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառող երկրների դեմ հակընդդեմ պատժամիջոցների կիրառումը մերձբալթյան երկրներում առաջացրեց ցինիկախառը շոկ: Այնտեղ, չգիտես ինչու, վստահ էին, որ Ռուսաստանը որևէ կերպ չի արձագանքի իր դեմ ուղղված պատժամիջոցներին (որոնց կիրառման ամենամեծ կողմնակիցն ու առաջամարտիկը, ի դեպ, հենց իրենք էին), մինչդեռ ոչ միայն արձագանքեց, այլև այդ արձագանքից մեծապես տուժում են հենց իրենք: Մասնավորապես, շարքային և ոչ գիտակ մարդու մոտ Լատվիան առաջին հերթին հայտնի է որպես շպրոտների երկիր: Սակայն խնդիրն այն է, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում դրանք գրեթե չեն սպառվում, մինչդեռ ավանդույթի ուժով դրանց 90 տոկոսն արտահանվում է հետխորհրդային երկրներ, առյուծի բաժինը՝ Ռուսաստան: Լիտվայում և Էստոնիայում էլ է նույն պատկերը, միայն այն տարբերությամբ, որ շպրոտի դերում այստեղ հանդես է գալիս խոզի միսը և կաթնամթերքը: Մերձբալթյան երկրները Ռուսաստան են արտահնում իրենց արտադրած գյուղմթերքների շուրջ մեկ երրորդը, և սպասվելիք վնասը կազմում է հարյուր միլիոնավոր եվրոներ: Սակայն մերձբալթյան երկրների կրած և կրելիք ամենամեծ վնասը պայմանավորված է բեռնափոխադրումների անկմամբ: Բանն այն է, որ Ռուսաստանը երբեք չի ունեցել առևտրային նավահանգիստ Բալթիկ ծովում: Սկզբնական շրջանում խոչընդոտ էին պատերազմները, իսկ խորհրդային տարիներին անհրաժեշտություն պարզապես չկար: Ելնելով դրանից, Եվրոպայից Ռուսաստան բեռնափոխադրումներն իրականցվում էին մերձբալթյան երկրներով, ինչը ապահովում էր այդ երկրների ՀՆԱ-ի մեկ երրորդը, երբեմն էլ ավելին: Խոսքը միլիոնավոր տոննաներով ապրանքների, ուստիև հարյուր միլիոնավոր եվրոների մասին է: Բոլոր երեք երկրները դիմել են Եվրամիությանը՝ վնասները փոխհատուցելու կոչով, սակայն վնասներ կրում են նաև մյուս երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, իսկ այստեղ խոսքն արդեն միլիարդավոր եվրոների մասին է: Ու մեծ հարց է, թե այս ողջ հորձանուտում կկարողանա արդյո՞ք Եվրամիությունը աջակցել իր մերձբալթյան անդամ երկրներին: Իսկ այս ամենից բխող եզրակացությունն ակնհայտ է՝ հարաբերությունները, այդ թվում և դրանց պատժամիջոցային մասը, միակողմանի չեն լինում: Մի´ կտրիր այն ճյուղը, որի վրա նստած ես:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1449829945281995?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել