GalaTV.am-ը գրում է.
Թուրքիայում տեղի ունենալիք առաջիկա նախագահական ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ նախագահին ընտրելու է ժողովուրդը, սակայն նույն ժողովուրդը թեկնածու առաջադրելու իրավունք չուներ: Որ առաջադրված երեք թեկնածուներից ընտրվելու է Ռեջեփ Թայյիփ Էրդողանը, թուրքագետ Հակոբ Չաքրյանը չի կասկածում, ձայների մեծամասնությամբ նա կանցնի թերեւս ընտրությունների առաջին փուլում, թեկուզ ընդդիմությունը խնդիր է դրել, որ գոնե առաջին փուլում չընտրվի:
Պատճառը թուրքագետի կարծիքով ակնհայտ է: Նա նշում է. «Էրդողանի կուսակցության կողմնակիցները շատ հավատարիմ են Էրդողանին, անկեղծորեն սիրում են, ընդդիմությունը երբ խոսում է ժողովրդավարության, խոսքի ազատության սահմանափակումների, մարդու իրավունքների մասին քննադատելու համար Էրդողանին, նրա ընտրազանգվածին դա չի հետաքրքրում: Էրդողանի ընտրազանգվածին հետաքրքրում է ոչ մարդու իրավունքները, ոչ ժողովրդավարության մակարդակը, ոչ էլ խոսքի ազատությունը, հետաքրքրում է, որ Ղուրանի կուրսեր բացվեն, դպրոցում կրոնի առարկան դասավանդվի, նաեւ դպրոցական ծրագրերի մեջ ընդգրկվի Մուհամեդ մարգարեի կյանքն ու գործունեությունը»:
Այսինքն, ըստ թուրքագետի, նրա ընտրազանգվածը կայուն է, մյուս թեկնածուներին հասարակությունը լավ չի ճանաչում, իսկ հայ համայնքը, ինչպես հայտնի է, սատարելու է Դեմիրթաշին, թեեւ 78 մլն.-ոց Թուրքիայում 60 հզր.-ոց համայնքը ազդեցություն ունենալ չի կարող,- նշում է թուրքագետը, նրա դերակատարությունը փոքր է: «Հայ համայնքի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն չպետք է ունենա, հայ համայնքը միշտ էլ վախեցած, կուչ եկած է այնտեղ, հայն առ այսօր Թուրքիայում հայհոյանքի տեղ է անցնում, մեկին վիրավորելու համար հայ են ասում: Ընդ որում՝ պետական գործիչներն են ասում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



