den-pobedi-231in.am-ը գրում է

Այս օրերին, երբ Հայաստանի անվտանգությունն ուղղակի սպառնալիքի տակ է, օրակարգային է դառնում քննարկել ընդհանրապես Հայաստանում ռուսական ռազմաբազաների նպատակահարմարության հարցը:

Մոտ մեկ տարի առաջ, ի պատասխան Հայաստանի հանդեպ Ռուսաստանի գազային քաղաքականության և կամ Ադրբեջանին հարձակողական սպառազինության զենք վաճառելուն, մեզանում սկսեցին բարձրաձայնել Գյումրիում ռուսական ռազմակայանների տեղակայման վարձավճարի հարցի մասին: Հայաստանը պետք է բարձրացնի ընդհանրապես այդ ռազմակայանների տեղակայման նպատակահարմարության հարց:

Քաղաքական ամբիոններում այս հարցը դեռևս չկա, համենայնդեպս՝ այն ամբիոններում, որոնք զբաղեցրել են քաղաքական պալիտրայի, այսպես ասած, հիմնական ներկայացուցիչները: Միևնույն ժամանակ, հասարակական ամբիոններում հնչող հորդորներն ու առաջարկներն էլ այնպիսին չեն, որ հանդիսանան ճնշում քաղաքական ամբիոնների վրա կամ պահանջարկ ու պահանջ դառնան՝ ուղղված այդ ամբիոններում «յոթգլխանի վիշապների» նման նստած ուժերին: Թեև կասկածելի է, որ անգամ այդ դեպքում նրանք անդրադառնան վերոնշյալ խնդիրներին:

Ընդհանրապես, վերջին օրերին դժվար է նշմարել հայաստանյան քաղաքական մի ուժ, որը ինչ-որ հստակ և հետևողական դիրքորոշում է արտահայտել վերջին զարգացումների ֆոնին հայ-ռուսական հարաբերության վերաբերյալ՝ բացի իշխանությանն ուղղված ավանդական հայհոյանքից կամ էլ իշխանության պարզունակ ինքնապաշտպանական դատողություններից:

Հայաստանի քաղաքական պալիտրայի համար կարծես թե գոյություն չեն ունեցել և չունեն հայ-ռուսական գործընթացներ, Ադրբեջանին զենքի վաճառք, ընդհանրապես այդպիսի որևէ խնդիր կամ մարտահրավեր: Մյուս կողմից, սակայն, հարց է առաջանում իհարկե, թե արդյոք չափից դուրս, անհամաչափ կոշտ չե՞ն Ռուսաստանին հակազդելու կամ ինչ-որ կերպ համարժեք ընդդիմանալու այդ մոտեցումները՝ վարձավճարների կամ հեռանալու պահանջ ռազմակայանների դեպքում: Չէ՞ որ մինչ այդ հարց է առաջանում՝ եթե Ռուսաստանը ասում է՝ ոչ, չեմ գնում և գումար չեմ տալիս որպես վարձավճար, ի՞նչ է անում Հայաստանը հետո: Համենայնդեպս, հարցադրումը քաղաքական մակարդակով բարձրացնելուց առաջ պետք է ձևակերպել այդ հետո-ն և մատուցել կոնցեպտուալ փաթեթով, այլապես պահանջը հնչում է առավելապես էմոցիոնալ:

Մեղմ ասած, կասկածելի է, որ Հայաստանի որևէ քաղաքական ուժ ունի այդ փաթեթը: Լավագույն դեպքում կարող են լինել միայն ընդհանուր հռչակագրային ձևակերպումներ՝ ինչպես սովորաբար բոլոր հարցերի պարագայում, որոնք ամենևին չունեն ռեգիոնալ պրոցեսների խորքային ընդգրկումներ, հիմնված են ոչ թե փորձագիտական հանգամանալից ուսումնասիրությունների և հետազոտությունների, այլ ընդամենը դարձվածաբանության կամ բառախաղերի մակերեսի վրա գտնվող արվեստի, ինչպես նաև կուսակցական և ներքաղաքական կոնյունկտուրայի ու բնազդների վրա: Հակառակ պարագայում որևէ քաղաքական ուժ ինքն արդեն Հայաստանում նախանձախնդրություն կցուցաբերեր այդ թեմաները քննարկելու հարցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել