Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Չինաստանի նկատմամբ պետք է կիրառել կոշտ քաղաքականություն այն դեպքերում, երբ Պեկինը խախտում է միջազգային նորմերը:
Օբաման Չինաստանի նկատմամբ կոշտ գնահատականներից բացի իր ելույթում քննադատության թիրախ է դարձրել նաև Ռուսաստանը:
Գնահատելով Ռուսաստանի այսօրվա վիճակը Օբաման նշել է, որ ներգաղթյալները չեն շտապում Մոսկվա, այդ երկրում տղամարդկանց կյանքի միջին տևողությունը հասնում է 60-ի, իսկ բնակչությունը նվազում է: ԱՄՆ-ը նախագահը նշել է, որ Վաշինգտոնը պետք է արձագանքի տարածաշրջանային այն մարտահրավերներին, որ ստեղծում է Մոսկվան:
Չին-ամերիկյան հակասություններ. ԱՄՆ-ը զսպում է Ասիայի հսկայի նկրտումները
Չնայած տնտեսական ոլորտում առկա սերտ համագործակցությանը ԱՄՆ-ը և Չինաստանը շարունակում են հանդիսանալ աշխարհաքաղաքական մրցակիցներ՝ առաջին հերթին Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որը Վաշինգտոնը համարում է իր կենսական շահերի տարածք:
Չինաստանի և Ճապոնիայի միջև Սենկակու կղզիների շուրջ առկա վեճում ԱՄՆ-ը պաշտպանում է իր ռազմավարական դաշնակից Տոկիոյին:
1960թ.-ի պայմանագրով ԱՄՆ-ին թույլատրվում է զորքեր տեղակայել Ճապոնիայի տարածքում, իսկ Ճապոնիայի վրա հարձակումը դիտվում է որպես հարձակում ԱՄՆ-ի վրա՝ դրանից բխող համատեղ պաշտպանության պայմանավորվածություններով հանդերձ:
Պայմանագրի 5-րդ կետով հստակ ֆիքսված է, որ դաշնակիցներից մեկի նկատմամբ ռազմական ագրեսիան դիտվում է որպես մյուս դաշնակցի ազգային անվտանգությանը ուղղված սպառնալիք և կողմերը պարտավորվում են օգնել միմյանց:
Բացի այդ, ԱՄՆ-ը իր աջակցություն է հայտնում նաև Չինաստանի հարևան երկրներին, որոնք տարածքային խնդիրներ ունեն Պեկինի հետ, այդ թվում Սփրաթլի վիճելի կղզիների շուրջ:
Հարավ-չինական ծովում Չինաստանի և հարևան երկրների միջև հակասությունները սրվել են վիճելի Պարասելյան կղզիների և Սփրաթլի արշիպելագի պատճառով: Պարասելյան կղզիներին հավակնում են Չինաստանը, Թայվանը և Վիետնամը, իսկ Սփրաթլի արշիպելագին՝ Չինաստանը, Վիետնամը, Ֆիլիպինները, Բրունեյը և Մալազիան:
Չինաստանը սկսել է Հարավ-չինական ծովում գտնվող վիճելի Սփրաթլի արշիպելագի շուրջ արհեստական կղզիների շինարարությունը, ինչը թույլ կտա Պեկինին ամբողջությամբ վերահսկել ռազմավարական նշանակություն ունեցող Հարավ-չինական ծովն ու հաղորդակցության ուղիները:
Հնդկական և Խաղաղ օվկիանոսների միջև կապող միջանցքի դեր կատարող Հարավ-չինական ծովը ունի ռազմավարական մեծ նշանակություն՝ համաշխարհային առևտրի 50%-ը և Ճապոնիայի, Թայվանի ու Հարավային Կորեայի համար նախատեսված նավթի 80%-ը անցնում է հենց այդ ծովով: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության(USGS)-ի տվյալներով, այդ տարածաշրջանում է կենտրոնացված 2.5 միլիոն տոննա նավթ:
Բացի տարածաշրջանային հարցերից, ԱՄՆ-n միջամտում է նաև Չինաստանի ներքին գործերին, մասնավորապես Տիբեթի հարցում: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը այս տարվա փետրվարին հանդիպել է Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լամայի հետ:
Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի և Դալայ Լամայի հանդիպումը կոպիտ միջամտություն է Չինաստանի ներքին գործերին, և ոչ մի երկիր իրավունք չունի միջամտելու իրենց երկրի ներքին գործերին:
Բացի այդ, Վաշինգտոնը իր աջակցությունն է հայտնել վերջերս Հոնկոնգում ժողովրդավարական ընտրությունների և ինքնավարության աստիճանի ընդլայնման օգտին տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերին: Հոնկոնգ քաղաքում կես միլիոն մարդ դուրս է եկել բողոքի ցույցի՝ պահանջելով ընտրակարգի ազատականացում և Չինաստանից ավելի լայն ինքնավարության աստիճան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



