ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «այս շաբաթ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպում կունենա Հայաստանի, իսկ հետո Ադրբեջանի նախագահների հետ, իսկ երբ նրանք բոլորը հայտնվեն նույն վայրում, չեն կարող խուսափել Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարությունից: Իսկ թե դա ինչպես կկազմակերպվի, կախված է մեզանից»: Հատկանշական է, որ այս հայտարարությունն արվում է ՀՀ և ԱՀ նախագահների սպասվող հանդիպումից առաջ, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը այդ հանդիպումը չի դիտարկում հարաբերությունների լարվածության թոթափմանն ու առավելևս՝ հակամարտության լուծմանն ուղղված ինչ-որ ձևաչափի ընդունմանը: Ավելին, ըստ Լավրովի, այդպիսի ձևաչափ կարող է լինել միայն Մոսկվայի համաձայնությամբ: Փաստացի ՌԴ ԱԳ նախարարը հասկացնում է, որ ներկայումս կոնֆլիկտի հետագա էսկալյացիան կամ դրա բանակցային հունով տանելու գործընթացը կախված է իր երկրի ցանկությունից: Նման հայտարարությունը վերջին շրջանում հակամարտության կողմերի սահմանների լարվածության ֆոնին դիվանագիտական զգուշացում է, ըստ որի՝ կողմերը մինչև Պուտինի հետ հանդիպումը, պետք է Ռուսաստանին ներկայացնեն այն, ինչն ակնկալում են Կրեմլում, այլապես՝ «անխուսափելի հայտարարությունը» կարող է նեղացնել կողմերից որևէ մեկին: Դժվար է միանշանակ ասել, թե ինչ են ակնկալում հիմա Կրոմլում, սակայն, դատելով հանդիպման ժամանակահատվածային իրողությունից, քաղաքական կոնյունկտուրայից, պետք է նշել, որ հակամարտության կողմերը պետք է հստակ երաշխիքներ տան, որ կոնֆլիկտի լուծման կամ բանակցային գործընթացում գերակա ուժ են ճանաչում Ռուսաստանին և Արևմուտքի նախաձեռնած Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ չի լինելու այնպիսի պայմանավորվածություն, որը կարող է պրոցեսը զարգացնել արևմտյան սցենարով: Սակայն, նման քաղաքականությունը կարող է ոչ թե մեղմացնել լարվածությունը, այլ՝ խնդիրը դարձնում է խորը ճգնաժամային: Տեղի է ունենում շահերի լուրջ բախում, որը կոշտացնում է գերտերությունների վարքագիծն ու ընտրված գործիքակազմը, ինչն էլ կարող է հանգեցնել նրանց կողմից պատերազմական իրավիճակի սրացման: Հետևաբար, այստեղ հայկական կողմերի համար փափուկ ուժի կիրառման մարտավարությունը դառնում է իմպերատիվ նշանակության:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58p
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել