Ինձ առավել շատ զվարճացնում է ընդդիմադիր (եսի՞մ) քաղաքական ուժերի և նրանց ներկայացուցիչների արձագանքը` ՕԵԿ-ի կողմից ընդդիմության վակուումը լրացնելու փորձերի շուրջ. միանգամից ասեմ` հասնում է մեր ընդդիմությանը: Ձևական, իմիտացիոն, գազերով ուղեկցվող հայտարարություններից բացի, ոչինչ չանելը բերում է նրան, որ այդ՝ հաճախ թանկարժեք տեղը դատարկ է մնում...
Հիշեցնեմ` ՕԵԿ-ը փորձում է զբաղեցնել ԴԱՏԱՐԿ տարածությունը: Լավ է անում: Երբ դուք լքեցիք այդ հարթակը և չփորձեցիք սոցիալական շարժումների ալիքը տեղափոխել քաղաքական հուն, այնտեղ ոչ օրինացներ կային, ոչ էլ ինչ որ ագրարային, հը՜մ, կուսակցություն: Ժամավաճառությամբ զբաղվելու փոխարեն պահպանեիք այն տեղը, որ բավական արժանապատիվ կերպով զբաղեցրել էիք: Գազային խայտառակ պայմանագրերից զատ ուրիշ ինչպիսի՞ մահացու հարված պետք է լիներ հայկական պետականությանը, որ թվաբանական քառյակի կուսակցություններին մղեր դուրս գալ փողոց և լցնել հրապարակները: Կուտակային կենսաթոշակների և դրա լուծման խայտառակ լղոզումներից զատ ի՞նչը պետք է ստիպեր, որ ընդդիմությունը իր համակիրներին կոչ աներ պայքարի և դուրս գար փողոց: Գազային չհիմնավորված խայտառակ պարտքից, դրա հետևանքով գազի սակագների թանկացումից այժմ արդեն էլ. էներգիայի սակագների թանկացումից զատ ինչպիսի՞ սոցիալական պայթյուններ պետք է լիներ, որ բարեհաճեիք կազմակերպել քաղաքացիների բողոքը...
Իսկ հիմա քմծիծաղ եք տալիս, աղմկում եք: Մի մոռացեք, որ օրինացներն ու ագրարային, հը՜մ, կուսակցությունը փորձում են վերցնել ՁԵՐ կողմից ԴԱՏԱՐԿ թողնված տեղը: Եվ արդեն ինձ համար միևնույնն է, թե ովքեր են որդեգրում ընդդիմադիր մարտավարություն: Որովհետև այն ուժերը, որոնք երկրում կարող էին ձևավորել իսկապես քաղաքական օրակարգ, դարձել են դեկլարատիվ հայտարարություններ տիրաժավորողներ և լայն դաշտ են բացել օրինացի և, է՜հ, ագրարայինների համար...
Ցավում եմ, որ հիասթափվել եմ (առանց լալահառաչ արտագաղթելու իրավունքի)...
Բայց արձանագրում եմ փաստերը...
Տա Աստված` սխալված լինեմ...
Հ.Գ. - Ես այս իշխանություններին ընդդիմադիր եմ` ուղնուծուծով...