Հուլիսի 4-ին Բաքվի Մուշվիհաբադ ավանում և Սաբիրաբադի շրջանում տեղի ունեցան բախումներ իրավապահների և Ադրբեջանում հետզհետե տարածում ստացող իսլամի ծայրահեղական ուղղության՝ վահաբականության հետևորդների միջև:
Մուշվիհաբադում մի խումբ վահաբականներ հարձակվել էր տեղի մզկիթում հավաքված ադրբեջանցի շիաների վրա և նրանց դուրս հանել բակ ու քարկոծել: Միջադեպից հետո իրավապահները փակել են Աբու Բաքր մզկիթը, որն Ադրբեջանում վահաբականության գլխավոր կենտրոնն է համարվում:
Այժմ վահաբականները սպառնում են ապստամբությամուն բարձրացնել, եթե իշխանությունը շարունակի հակավահաբական քաղաքականություն վարել: Այդ հեռանկարը, անշուշտ, մտահոգիչ է Ադրբեջանի իշխանությունների համար: Այստեղ պետք է նշել, որ վահաբականության կամ սալաֆիայի հետևորդների մոտ գործում է անվերապահ հպատակության կանոնը, ու եթե առկա լինի համապատասխան ֆեթվա՝ Ադրբեջանի շուրջ 70 հազար վահաբականները մեկ մարդու պես ոտքի կկանգնեն:
Իրավիճակը նույնն է նաեւ Սաբիրաբադում տեղի ունեցած միջադեպի հետ կապված, ուր տեղի բնակիչները վտարել էին իրենց մոտ քարոզող մի վահաբականի, դեռ ավելին՝ սափրել էին նրա մորուքը, ինչը մեծ իսլամում համարվում է վիրավորանքի նշան: Ի պատասխան դրա, մի խումբ վահաբականներ մեկնել են Սաբիրաբադ ու ծեծել տեղի բնակիչներին:
Բնական է, որ այդ ամենի նկատմամբ չէին կարող անտարբեր մնալ շիաները: Կովկասի մահմեդականների վարչությունը, արձագանքելով իրադարձություններին, հայտարարեց, որ միջադեպերը հրահրվել են արտաքին ուժերի կողմից, Ադրբեջանի ընթացիկ իրավիճակն ապակայունացնելու նպատակով, ինչին հասնելու համար դրված է միջկրոնական բախումներ հրահրելու խնդիր:
Վարչությունը, ի դեմս շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի, արտաքին ուժերի հրահրած վտանգ է տեսնում ու չի սխալվում: Վահաբականությունը տիրող իսլամական ուղղություն է Սաուդյան Արաբիայում և հենց վերջինիս կողմից օգտագործվում է որպես գործոն իր աշխարհքաղաքական դիրքերն ամրապնդելու համար: Թե ինչ հեռտևանքների կարող է հանգեցնել վահաբականության տարածումը՝ փայլուն գիտեն Ադրբեջանի հարևան Ռուսաստանը, որը տարիներ շարունակ պայքարում էր հատկապես Չեչնիայում վահաբիզմի տարածման դեմ, ինչպես նաև Սիրիան ու Իրաքը, որոնք այսօր են այդ պայքարի թատերաբեմում: Հենց ադրբեջանցի վահաբիտներից են հավաքագրվում Սիրիայում կռվող վարձկանները: Իսկ այդ ամենի համար անհրաժեշտ ծախսերը շռայլորեն հոգում են Սաուդյան շեյխերը՝ նավթադոարների հաշվին: Մասնավորապես, ըստ որոշ լրատվամիջոցների, ադրբեջանցի վահաբականները Սաուդյան և այլ կառույցներից տարեկան մոտ 5 միլիոն դոլար են ստանում քարոզչություն իրականացնելու, վարձկաններ հավաքագրելու, մզկիթներ կառուցելու համար:
Իսկ մտածելու բան ունի ոչ միայն Ադրբեջանը, այլև մենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1440594966205493?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել