510cd1fc973145ab0e0a9959dbedddc7

Նա սիրում էր խաղալ ծովափի ավազների հետ: Ջուրը ալիք առ ալիք մոտենում ու խուտուտ էր տալիս ոտքի մանրիկ մատները, որոնք ջրի սառնությունից անմիջապես կծկվում էին: Լիան ուղղակի պաշտում էր ծովը: Աստծո կամոք նրա աչքերը ևս ծովի գույնն էին առել` որպես ծովի ու ջրի հանդեպ անսահման սիրո ապացույց: Ճայերը ազատ թռչում էին` վերևից վայելելով ծովի ալիքային պարն ու տեր-տիրական զգալով աստվածատուր այդ հրաշքին: Նրա ձեռքերն անմիջապես շոշափեցին տաք ավազը, որը քիչ անց պիտի վերածվեր մանկական երևակայության արտաքին դրսևորման: Քամին պար ու խաղ էր բռնել նրա ոսկեգանգուր մազերի հետ, որոնք հոր հպարտությունն էին, սիրելին էին, որոնք արգելված էին կտրվելու:

- Լիա՜…

-Գալիս եմ, մամ…

Ծովափին տպվեցին մանկահասակ աղջկա խոր ոտնահետքեր, որոնք տարան ծովափին գտնվող շքեղ առանձնատունը: Ծովագույն աչքերը նայեցին շուրջը: Մայրը աղախնին օգնում էր սեղանը պատրաստել, մինչ հայրը խորովածի անուշ բույրը կտարածեր ամբողջ ծովափին:

- Ձեռքերը լվանալու:

- Մա՜մ….

- Փնթի Սեթուհին մեզ նորից հյուր է եկել….

- Ոչ մի սեթուհիներ էլ չկան: Հիմա կգամ…

Նրանք արդեն սեղանի շուրջն էին, երբ Լիան դուրս եկավ լոգարանից: Վերջերս մայրն այնքան էլ չէր շփվում հոր հետ, հայրն էլ իր հերթին խոժոռ ու արհամարհական հայացքը չէր հեռացնում մորից: Լիան չէր հասկանում` նրանք ինչու են այդպես վարվում իրար հետ: Որոշ ժամանակ առաջ նրանք միասին լողում էին ծովում: Հայրիկը գրկում էր նրան, երբեմն նստեցնում ուսերին ու տանում ջրի խորքերը: Իսկ մայրիկը բռնում էր ձեռքերից, քիթիկները շփում էին իրար, նա համբուրում էր Լիայի փոքրիկ քիթիկը, որից աղջկա մոտ խուտուտ ու քոր էր առաջանում: Բայց նա սիրում էր մայրիկի համբույրները, նամանավանդ` քնելուց առաջ: Նա նուրբ շոյում էր ոսկեգանգուր մազերն ու իրեն <<արև>> էր անվանում: Հետո էլի խուտուտի պես համբույրներ էր թողում պեպենիկներին: Առավոտյան Լիան արդեն չէր հիշում, թե ինչպես մայրիկն այդպես անհետացավ:

Հայրիկը պակաս չէր սիրում նրան: Նրանք միասին համակարգչային խաղեր էին խաղում: Հայրիկը նրան սովորեցնում էր վոլեյբոլ խաղալ կամ էլ ուղղակի <<տանջում էր>> նրան` պահանջելով գնդակին հասնել: Լիան սիրում էր հոր տաք ձեռքերը: Նույնիսկ ձմռան ամենատաք վառարանից էլ տաք էին: Հայրիկը սիրում էր ոչ միայն իրեն, այլև մայրիկին: Լիան շատ լավ է հիշում, թե մայրիկն ինչպես էր ժպտում կամ թուլանալու չափ ծիծաղում, երբ հայրիկը նրան անընդհատ համբուրում էր, խուտուտ տալիս, ինչպես իրեն: Իսկ հիմա նրանք իրար նայում են այնպես, ինչպես Լիան Անկային, երբ վերջինս քանդել էր իր սիրելի ավազե տնակը: Մի քանի անգամ մայրիկն ու հայրիկը վիճեցին: Նրանք գոռում էին միմյանց վրա, հայրիկը նույնիսկ կոտրեց մայրիկի թեյի բաժակը, իսկ հետո փշուրներից մեկը մայրիկի ոտքը մտավ: Նա մի քանի օր կաղում էր: Մայրիկը հաճախ էր ասում հայրիկին. <<Երեխայի մոտ տեսարաններ մի սարքիր…. նա ոչ մի բանով չի արժանացել այս կատակերգությանը վկա լինելու>>: Այդ պահին հայրիկը միշտ Լիային էր նայում: Նրա աչքերն այնքան ուրիշ էին: Դա հայրիկը չէր…

Մի օր մայրիկը չարթնացրեց նրան: Նա ինքն արթնացավ: Ինչ-որ բան ուժեղ կոտրվեց: Լիան ոտաբոբիկ զգուշորեն իջավ սանդուղքով: Նրանք դարձյալ վիճում էին, գոռում, բղավում միմյանց վրա: Մայրը ուժեղ ապտակ ստացավ դեմքին, երբ ինչ-որ բառ ասաց: Լիան չգիտեր այդ բառի նշանակությունը, բայց հասկացավ, որ դա վատ բառ է, որովհետև հայրիկը կատաղությունից կարմրել էր: Մայրն ընկավ հատակին, պահարանի ծայրով հարված ստացավ գլխին: Նա լաց էր լինում, ասում էր` չի դիմանում, որ այդպես այլևս անհնար է, որ նույնիսկ Լիան հիմա իրավիճակը չի փրկի: Լիայի մարմնով անմիջապես սառը հոսանք անցավ, երբ լսեց իր անունը: Ինքը փրկի… բայց Լիան չգիտեր, թո ինչպես են փրկում: Ու անզորությունից անձայն լաց եղավ: Իսկ երբ հայրը դիմացի հայելուց նկատեց նրա ներկայությունը, մոտեցավ իրեն, գրկեց իր տաք ձեռքերով ու խնդրեց դուրս գնալ խաղալու:

- Իսկ մայրիկը լաց է լինում:

-Մայրիկը գլխացավ ունի: Շուտով կանցնի, աղմուկ մի բարձրացրու ու գնա դուրս` խաղալու:

Լիան մանր քայլերով դուրս եկավ, դանդաղ քայլեց ծովափով: Արևը փայլեցնում էր գանգուրները: Նա այդպես էլ չհասկացավ, թե ինչ և ում պետք է փրկեր նա, ինչպես մայրիկն էր ասում: Նստեց իր մեծ քարին, որտեղից ասես ամբողջ ծովն էր երևում, ու սկսեց զրուցել ծովի հետ.

- Նրանք անընդհատ վիճում են: Ես չեմ հասկանում` ինչու…. Հայրիկն ասում էր, որ ինձ ու մայրիկին աշխարհում ամենաշատն է սիրում: Իսկ այսօր նա ապտակեց մայրիկին: Մայրիկն էլ անընդհատ լաց է լինում, բարձրաձայն կամ ցածրաձայն, երբ մենակ է: Առավոտյան նրա գրկել էր հայրիկի վերնաշապիկն ու լաց էր լինում: Ես էլ նրան գրկեցի ու շա՜տ համբուրեցի: Մայրիկս լաց լինելիս անգամ շա՜տ գեղեցիկ է… Շուտով ամառը կվերջանա, ես նորից պետք է դպրոց գնամ: Չեմ ուզում, որ ամառն այսքան տխուր վերջանա…

Այդ օրը Լիային մայրը բավականին շուտ պառկեցրեց քնելու: Նստեց նրա կողքին: Լուռ արտասվում էր ու խաղում գանգուրների հետ: Հետո մի սպիտակ ծրար տվեց նրան ու շշնջաց.

- Արևս, դու գիտե՞ս, չէ՞, մայրիկը ինչքան շատ է քեզ սիրում:

-Ըհն, ամպի չափ:

- Դու մեծ աղջիկ ես, դու կհասկանաս ամեն ինչ: Ամեն բան փոխվել է, անուշիկս: Այս ծրարը կպահես քեզ մոտ և երեք օր անց նոր միայն կբացես այն: Խոստանո՞ւմ ես:

-Խոստանում եմ, մամ…

- Ապրես, քաղցրս: Հիմա ամուր գրկիր մայրիկին: Ուզում եմ համբուրել քեզ շատ, լիքը, միլիոն անգամ…

Մայրիկն այնքան ամուր էր գրկել նրան: Նա կրկին լալիս էր: Որքան խնդրում էր, որ էլ լաց չլինի, որ սիրում է իրեն, նա էլ ավելի շատ էր լաց լինում: Լիան չնկատեց անգամ, թե ինչպես մայրը լուռ, թաթերի վրա դուրս եկավ սենյակից` ոսկեգանգուր մազերի մեջ թողնելով ամենօրյա արցունքներից մի քանի կաթիլ…

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել