Հիշատակի ու սգո օր է: 
73 տարի առաջ հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու ներխուժեց Խորհրդային Միության տարածք:
1941 թվականի հունիսի 22-ին Ֆաշիստական Գերմանիան առանց նախազգուշացնելու հարձակվեց Խորհրդային Միության վրա: Չնայած հարձակումն անակնկալ կերպով տեղի ունեցավ, բայց կանխատեսելի էր ԽՍՀՄ-ի համար: Սկսվեց Մեծ Հայրենական պատերազմը, որին մասնակցեցին բոլոր խորհրդային հանրապետությունները, այդ թվում՝ հայ ժողովուրդը: Հայաստանից եւ ԽՍՀՄ կազմի մեջ մտնող այլ երկրներից պատերազմին մասնակցել են 500-600 հազար հայեր, որոնց մեծ մասը կռվում էին ձեւավորված հայկական դիվիզիաներում՝ 76-րդ հրաձգային, 89-րդ, 261-րդ, 390-րդ, 408-րդ, 409-րդ: Պատերազմում ներգրավվել էր 61 երկիր՝ 1,7 մլրդ բնակչությամբ. նրանց 110 մլն-ը ծառայում էր ռազմական ուժերում: Պատերազմական գործողությունները տեղի էին ունենում մոտ 22 միլիոն կմ2 տարածքում: Շուրջ 6 տարի տևած պատերազմի ընթացքում զոհվեց ավելի քան 50 մլն և հաշմանդամ դարձավ 95 մլն մարդ: Վիթխարի էին նյութական կորուստները: 1945–46 թթ-ին Նյուրնբերգի դատարանը հիտլերյան հանցագործներին մահվան դատապարտեց:Ի տարբերություն Առաջին աշխարհամարտի՝ Հայաստանի տարածքը զերծ մնաց պատերազմական գործողություններից: Սակայն հայերը գործուն մասնակցություն ունեցան համաշխարհային պատերազմի տարբեր ճակատներում: Բանակ է զորակոչվել մոտ 600 հզ. հայորդի: Հայկական ԽՍՀ-ից մասնակցել է 300 հզ. մարդ, ԽՍՀՄ մյուս հանրապետություններից՝ 200 հզ., դաշնակից բանակների շարքերում՝ 100 հզ. (միայն ԱՄՆ-ի բանակում՝ 18,5 հզ. մարտիկ ու սպա): Մասնակցել են նաև Դիմադրության շարժմանը: Պատերազմի սկզբում կազմավորվեցին հայկական (ազգային) 6 դիվիզիաներ: Նրանցից առավել նշանավոր էին 89-րդ Թամանյանը (հրամանատար՝ գեներալ-մայոր Նվեր Սաֆարյան) և 409-րդը (հրամանատարներ՝ Արտաշես Վասիլյան, Եվստասի Գրեչանի և ուրիշներ): Վերջինս, իր մարտական ուղին սկսելով Հյուսիսային Կովկասից, հասավ մինչև Ավստրիա և Չեխոսլովակիա, իսկ 89-րդը միակ ազգային դիվիզիան էր, որ մասնակցեց նաև Բեռլինի գրավմանը: Տասնյակ հազարավոր հայեր մարտնչում էին խորհրդային բանակի այլ զորամիավորումներում և տարբեր զորատեսակներում (տանկային, ռազմածովային, ռազմաօդային և այլն): 
Զավթված տարածքներում գործում էին հայկական «Հաղթանակ», «Կարմիր աստղ», Միկոյանի անվան պարտիզանական ջոկատները: 107 հայորդի արժանացավ ամենաբարձր՝ Խորհրդային Միության հերոսի կոչման (Հ. Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի), 27-ը՝ Փառքի 3 աստիճանի շքանշանների, 70 հզ. հայ մարտիկներ ու հրամանատարներ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով: 63 հայ գեներալներ ղեկավարում էին խոշոր զորամիավորումներ՝ դիվիզիաներ, կորպուսներ, բանակներ, իսկ Հ. Բաղրամյանը Մերձբալթյան առաջին ռազմաճակատի հրամանատարն էր: Հայ զորահրամանատարներից 4-ն արժանացան մարշալի կոչման` Խորհրդային Միության մարշալ Հ. Բաղրամյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը և ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը (Տեր-Իսահակյան): Հայաստանի տնտեսությունը վերակառուցվեց պատերազմական դրության պահանջներին համապատասխան: Ռազմաճակատի կարիքների համար հանրապետությունն արտադրում էր մեծ պահանջարկ ունեցող արհեստական կաուչուկ, զենքի ու զինամթերքի որոշ տեսակներ, պարենամթերք: Հայերն իրենց խնայողություններն ու միջոցները՝ 216 մլն ռուբլի, նվիրաբերեցին Պաշտպանության ֆոնդին: Նրանց միջոցներով ստեղծվեցին «Խորհրդային Հայաստան», «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» ավիաէսկադրիլիաները, «Հայաստանի կոլտնտեսական», «Հայաստանի կոմերիտական» տանկային շարասյուները, «Խորհրդային Հայաստան» զրահագնացքը և այլն:
Ֆաշիզմի դեմ պայքարեցին նաև Սփյուռքի հայերը (պատերազմի նախօրեին՝ շուրջ 1,5 մլն մարդ), որոնք, ի դեմս ֆաշիզմի, տեսնում էին նաև Հայաստանին սպառնացող վտանգ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սփյուռքահայությունը նաև նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերեց խորհրդային բանակին. ԽՍՀՄ ուղարկեց տաք հագուստ, դեղորայք, նրանց հանգանակությամբ ստեղծվեցին «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները: Հայրենիքի և Սփյուռքի հայերի համախմբմանը մեծապես աջակցեց Հայաստանյայց առաքելական եկեղեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել