ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ ՀԱԿ օրակարգում չի փոխվել ու չի փոխվելու իշխանափոխության պահանջի հարցը, քանի որ իրենք երկրում փոփոխությունների միակ ելքը համարում են դա: Միաժամանակ նա խոստովանում է, որ ժամանակն աշխատում է ի վնաս իրենց. «Այսինքն, եթե ժամանակը երկար գնաց, մարդիկ արտագաղթեցին, պայքարող էլ չմնաց, ո՞վ է սրանց հախից գալու»,-հարցնում է Մանուկյանը: Նրա կարծիքով` իշխանությունները հենց դրա ուղղությամբ էլ աշխատում են. ինչքան ուշ հասնի իշխանափոխության պահանջը, էդքան քիչ կլինի պահանջողը: Այնուամենայնիվ, ՀԱԿ պատգամավորը հույս ունի, որ սեպտեմբերի վերջին իրենց կմիանան նաև շատ այլ ուժեր: Ավելին` նա վստահ է, որ մի օր Հանրապետականից էլ կանցնեն ընդդիմության շարքերը, Սերժ Սարգսյանից երես թեքողներ էլ կլինեն` հատկապես սահմանադրական բարեփոխումների նախագիծը չանցնելու դեպքում: Մանուկյանը հիշեցնում է, որ ՀԱԿ-ը խորհրդարան է մտել 7 ձայնով, սակայն այսօր ունի 50-55 ձայն` շնորհիվ մյուս քաղաքական ուժերի հետ համախմբման. «Սա դանդաղ արդյունք է, բայց արդյունք է»,-կարծում է նա: Ինչ վերաբերում է «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հայտարարություններին, ՀԱԿ պատգամավորը գտնում է, որ դա համարժեք պատասխան էր Հայաստանին. «Ով էր տեսել նման բան, ամոթ չէ՞ր, էդ «համմերով» եկել-կանգնել էր Ազգային ժողովի աստիճաններին, պառկած խոսում էր, է, հետո՞…»,-վրդովմունքը չթաքցրեց պատգամավորը,-ո՞ր երկիրը թույլ կտա, որ այլ երկրի որևէ քաղաքացի իր երկրում նման լկտի ձևով հանդես գա, էդպիսի պոռոտաբանությամբ զբաղվի: Էն ի՞նչ դաս էր մեզ տալիս: Դահլիճից մեկն արձագանքեց՞…»: Անդրադառնալով քառյակի կողմից ներկայացված 12 պահանջներին` Արամ Մանուկյանն ասաց, որ դրանք կատարելու դեպքում իշխանությունները լուրջ խնդիրներ կունենան. օրինակ` ԱԺ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելը և ընտրությունների հենց հաջորդ օրը ցուցակների հրապարակումը. «Սերժ Սարգսյանն իր ձեռքը կկտրի, բայց չի ստորագրի մի օրենք, որով հաջորդ օրը կտպվեն ընտրողների ցուցակները»,-ասաց նա: Պատգամավորը նաև համոզված է, որ իշխանությունները չեն գնա անգամ 12 կետերի պահանջի կեսի կատարմանը. «Եթե ուզենան, իհարկե, կգնան, բայց էդ ուզելը նշանակում է` զրկվել սեփական թիմից, սեփական փողերից և սեփական աջակցող օլիգարխներից: Այդ դեպքում լուրջ քանդուքարափ է լինելու Հանրապետական կուսակցությունը: Թող հիմա իրենք որոշեն` կամ փրկելու են Հանրապետական կուսակցությունը, կամ էլ երկիրը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել