Նախիջևանի դեպքերից հետո ավելի մեծ թափով է սկսվել ինֆորմացիոն ագրեսիայի կիրառումն Ադրբեջանի կողմից, որի նպատակն է նախ՝ բարոյալքել հայկական պաշտպանական ոգին, ապա քաղաքացիական խուճապ առաջացնել և իշխող վերնախավին սխալ որոշումների մղել: Չի բացառվում, որ Ադրբեջանը գնա սահմանային նորանոր սադրանքների, այսպես ասած, իրականացնի «կրակային ուղեկցում»: Պատահական չէ, որ Բաքուն սահմանային միջադեպեր հրահրում է Հայաստանի սահմաններին՝ ներքաշելով նաև Նախիջևանը: Դրանով վերջինս փորձում է ցույց տալ, որ պատերազմը Հայաստանի հետ է, որ ռազմական ագրեսիայի համար ապահովի անհրաժեշտ միջազգային լեգիտիմություն: Ինչո՞ւ Նախիջևանը. այս ինքնավար հանրապետությունը ստրատեգիական կարևոր նշանակություն ունի մի քանի առումներով՝
1. Այն շատ մոտ է Երևանին, դրա համար էլ Ադրբեջանը այնտեղ տեղակայել է Սմերչ համակարգ (մինչև 120 կմ հեռահարությամբ, կախված հրթիռի տեսակից՝ տատանվում է 70-120 կմ սահմաններում),
2. «Հրթիռային հավասարակշռում». հայկական ԶՈՒ-ում առկա «Էլբրուս» (Scud-B) տիպի հրթիռները ունեն մինչև 300 կմ հեռահարություն և 1 կմ շառավղով ոչնչացման ուժ, որը ԼՂՀ տարածքից կարող է հարվածել Բաքվին, ուստի «Սմերչը» Նախիջևանում այս առումով ռազմական բալանսի ապահովման նպատակ է հետապնդում,
3. Նախիջևանը սահմանակից է Թուրքիային, որտեղից հեշտությամբ կարող են ռազմամթերք և «կամավորներ» տրամադրվել,
4. Նաև թուրքական գործոնով հայկական կողմի վրա ազդելու մարտավարություն:
Այս նկատառումներով, հավանաբար, ադրբեջանական ՊՆ-ն հիշատակեց Նախիջևանում առկա «Սմերչի» մասին, իսկ Ալիևն էլ դրանից առաջ՝ 2013թ. դեկտեմբերի 12-ին, հրամանագիր էր ստորագրել, որով պետք է բարձրացվի Նախիջևանի մարտունակությունը, ապահովվի ժամանակակից ռազմական տեխնիկայով և այլն:
Սա բացահայտ ագրեսիա է, որին պետք է դիվանագիտական և ինֆոքաղաքական ուժեղ և արդյունավետ գործիքակազմով միջազգային գնահատականի արժանացնել: Բայց մի բան պետք է հաշվի առնել, որ Նախիջևանը շատ խոցելի թիրախ է, քանի որ կտրված է ադրբեջանական տարածքից, ուստի այն կապիտուլյացիայի ենթարկելը ժամերի հարց է: Իսկ որպեսզի դրա անհրաժեշտությունը չառաջանա, պետք է գործել բացառապես՝
ա) Քաղաքական ռեալիզմի` շահը մեկնաբանվում է ուժի դիրքերից և
բ) Ռեալպոլիտիկի` խաղաղության համար պատրաստվել պատերազմի կանոններով:
Ադրբեջան միավորի հետ այլ տարբերակ չկա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/716316081740223?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել