Անկեղծ ասած` ես բացարձակ չէի զարմանա, եթե քառյակի գործունեությունից, հատկապես՝ նրա քայլերի հաշվարկման երկարատևությունից կամ պահանջների ձևից ու քանակից բողոքեին ֆեյսբուքյան հասարակ օգտատերերը, որոնք հասարակական-քաղաքական գործընթացների վերաբերյալ կարծիք են հայտնում, որպես կողմնակի դիտորդներ: Բայց երբ գործընթացների տրամաբանությունը չհասկացողի դերի մեջ են մտնում տարիներով արդեն նմանատիպ գործընթացներում փորձ ձեռք բերած, քաղաքական դաշտի նրբությունները իմացող ակտիվիստներն ու ընդդիմադիրները, դժվար է լինում դիմակայել նրանց պատվեր կատարելու կամ առնվազն անազնվության մեջ մեղադրելու գայթակղությունից:
Ինչո՞վ են քառյակին անվստահություն հայտնողներն իրենց գործունեությամբ տարբերվում նույն քառյակի մաս կազմող քաղաքական ուժերից՝ լինեն նրանք անհատներ, թե նախաձեռնության անդամներ: Ի՞նչն է տարբերությունը: Ֆոռմալությո՞ւնը, այն, որ այդ նախաձեռնությունները գրանցված չեն պետական ռեգիստրում: Երևի թե սա միակ տարբերությունն է: Իսկ բովանդակային առումով նրանք նույնպես ստանձնել են Հայաստանում փոփոխություններ իրականացնելու պատասխանատվությունը՝ ունենալով տարբեր պատկերացումներ փոփոխություններին հասնելու ճանապարհների մասին: Հնարավոր է, իհարկե, որ սխալվեմ, բայց համենայն դեպս նման տպավորություն է ստեղծվում այդ մարդկանց վերջին տարիների խոսքերից և գործերից:
Հիմա նույն այս մարդիկ, որ, իրենց պնդմամբ, հասկացել են Սերժ Սարգսյանի ռեժիմը տապալելու անհրաժեշտությունը, բայց դեռևս ոչ խոսքով, ոչ գործով չեն սկսել այդ նպատակի իրագործումը՝ իրական, շոշափելի պայքար մղելով միայն հանուն շենքերի, աշխատավարձերի կամ կանաչապատ գոտիների, մեղադրում են քառյակին իշխանություններին մեծամասամբ կոնկրետ սոցիալական պահանջներ ներկայացնելու մեջ: Հարց է առաջանում. ինչո՞ւ այդ մարդիկ իրենք չեն բավարարում իրենց ցանկությունները: Համոզված եմ, որ այս հարցին կհնչեն բազմաթիվ տրամաբանական պատասխաններ՝ սկսած դեռևս ռեսուրսների անբավարարությունից, միասնության բացակայությունից, մինչև ռազմավարական, մարտավրական, նաև փիլիսոփայական այլ խնդիրների առկայություն: Այս ամենը հասկանալի, երբեմն նաև ընդունելի է, սակայն խնդրահարույց է այս շրջանակների մեղադրական տոնը ընդդիմության հասցեին: Ի՞նչ իրավունք ունեմ ես մեղադրելու կամ ինչ-որ գործողության կոչ անելու դիմացինիս , երբ ինքս դա չանելու բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ ունեմ: Ինչո՞ւ է ինձ թվում, որ ընդդիմությունը ևս չունի օբյեկտիվ պատճառներ հենց այս պահանջները, հենց այս ժամկետով դնելու համար:
Բոլորս էլ գիտենք, թե ինչ բարդագույն խնդիր է տարբեր շահերը համագործակցության մեկ դաշտ բերելը: Մեզնից շատերը մասնակիից են եղել ոչ թե 12, այլ գոնե 2-3 հարցի շուրջ համախմբում ապահովելու ձախողված փորձերին: Պարադոքսալ մի բան է ստացվում. մենք գիտակցում ենք նման գործընթացի անհրաժեշտությունը, սակայն երբ ինչ-որ բան ստացվում է, անհասկանալի ձևով անցնում ենք այդ կայացած համախմբումը մերժելու գործելաոճին:
Մի բան կարելի է փաստել` նման համագործակցությունը անհնարին կլիներ առանց քաղաքացիայան գիտակցության որոշակի աստիճանի, իսկ այդ աստիճանը ձեռք է բերվել տարիների պայքարի արդյունքում, բոլորիս այս կամ այն չափի ջանքերով:
Այժմ ունենք մի ընդգրկուն պլատֆորմ, որը կարող է զարգանալ ու ծավալվել: 12 պահանջները ամբողջովին ընդգրկում են մեր հասարակությանը հուզող ամենասուր խնդիրները: Չի բացառվում նաև համապատասխան անհրաժեշտության կամ առաջարկի դեպքում դրանց ավելացումը: Եվ միայն մեզնից է կախված կբերի արդյոք այն ռեժիմի վերջնական տապալմանը, թե ոչ: Իսկ եթե չստացվի, պետք է մտածել ու աշխատացնել նոր պրոցեսներ: Մենք ուրիշ տարբերակ չունենք:
Պայքարը չդադարացնելու կենսական անհրաժեշտությունը մեզ պարտադրված է Սերժ Սարգսյանի կեղեքիչ ավազակախմբի կողմից և քանի դեռ այն գոյություն ունի մենք պետք է անընդհատ որոնենք միասնական պայքարի ճանապարհներ:
Կհանդիպենք սեպտեմբերի վերջին Ազատության հրապարակում:
Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վե՛րջ