Բոլորս էլ մահկանացուներ ենք և մի օր հեռանալու ենք երկրային կյանքից: Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե հարազատի հուղարկավորությունը այսօր ինչպիսի՞ դժվարությունների հետ է կապված: Մոտավոր հաշվարկով պատշաճ մակարդակի թաղում կազմակերպելու համար անհրաժեշտ է 3000- 4500 դոլլարին համարժեք դրամ, որի մեջ են մտնում նաև իրիկնահողի և յոթնօրեքի ծախսերը: Իսկ եթե այս ամենին գումարենք նաև քաղաքներում հողհատկացման համար « նախատեսված» գումարը, ապա հարազատների վիճակը դառնում է ավելի խճճված: Բայց եկեք համաձայնվենք, որ մեր երկրի միջին աշխատավարձ ստացող քաղաքացին նման դեպքերում կանգնում է ֆինանական լուրջ դժվարությունների առաջ: Դեպի Եվրոպա գնացող մեր համերկրացիներից շատերն այս պարագայում ևս հետևում են նորաձևությանը և հավելյալ ու անտեղի ծախսեր են կատարում: Կան նույնիսկ մարդիկ էլ, որ դիմում են սգո սրահներ, որ «պրոֆեսիոնալ» կերպով ձևավորեն «մեռելի տունը»: Այստեղ էլ են շատ հարցերում տարբերվում հարուստի և սովորական քաղաքացիների կազմակերպած հոգեհանգիստի և հուղարկավորության արարողակարգերը: Իրենց «շքեղությամբ» հարուստները մրցում են առաջինը լինելու համար, բայց մոռանում են, որ ի վերջո բոլորն էլ գնում են այնտեղ, որտեղ հավասարություն է և իրենց հարուստ լինելը էական նշանակություն ունենալ չի կարող: Շատ հետաքրքրասերներ ուղղակի մասնակցում են հոգեհանգստին տեսնելու, թե ո՞վ ինչպե՞ս է լացում, ի՞նչ են հագցրել հանգուցյալին, ինչքա՞ն ծաղկեպսակ կա դրսում դրված(հարմարեցնում ու կարդում են, թե ո՞ւմ կողմից են բերված և մոտավոր որոշում, թե ի՞նչ արժողություն կունենան), ինչպիսի՞ պատրաստություն են տեսել հարազատները և հետաքրքրվում են, արդյո՞ք փող հավաքելու են, թե ` ոչ: Իսկ այս ընթացքում խեղճ հարազատները զբաղված են գումար հայթհայթելու, առևտուր անելու և այլ մանր - մունր գործերով և չեն էլ հասցնում սգալ իրենց հարազատի կորուստը: Հետաքրքիր է, թե ո՞վ է սահմանել այս կարգը, ինչո՞ւ մեր Հայ Առաքելական Եկեղեցին չի կանոնակարգում թաղման ծիսակարգը: Ո՞վ է ասել, որ թաղման օրը պարտադիր է հարյուրավոր մարդկանց համար « պատրաստություն » տեսնելը, իսկ եթե այդ մարդիկ գումար չունեն ու պարտք են խնդրել մեկ ուրիշի՞ց: Ինչո՞ւ Ազգային Ժողովում ` ապագա մահկանացուների կողմից չի ընդունվում համապատասխան օրենք, որով էլ կկանոնակարգվեն այս հարցերը, կամ ինչո՞ւ ամբողջ կյանքը պետության համար աշխատած և թոշակի տարիքին չհասած, մահացած քաղաքացուն չի տրվում պետության կողմից նախատեսված միանվագ գումարը: Ինչո՞ւ դիահերձման ծառայությունը անվճար չէ և այն իր վրա չի վերցնում պետությունը(լավ կլիներ, որ դատախազների փոխարեն բարձրացներին դիահերձող բժիշկների աշխատավարձը և այս ծառայության դիմաց քաղաքացիներից կամայական գումարներ չպահանջեին ): Մեր ոչ կանոնակարգված «ավանդույթների» պատճառով, հանգուցյալին հողին հանձնելուց հետո, նրա հարազատները երկար ժամանակ թաղվում են պարտքերի մեջ, քանի որ այս ամենին հաջորդում են մյուս տաղավարները և անելանելի դրության մեջ դնում հազիվ ապրող մարդկանց: Ո՞վ է լինելու այն համարձակը, որ վերջ կդնի այս ձևականություններին և առաջին անգամ գերեզմանատնից սգո թափորը «Հանդիսությունների տուն» գնալու և սնվելու փոխարեն` հարազատներին իրենց կորուստը սգալու հնարավորություն կտա: Հավատացեք,որ հարազատների «պարտքը» իրենց հանգուցյալի պատվին հոգեհաց մատուցելու մեջ չէ, դա ոչինչ չի’ նշանակում,մի’ բամբասեք նրանց և սեղանի պարունակությունը: Չէ ՞որ այս ամենին հաջորդելու է նաև գերեզմանաքարի պատրաստման և շրջակա տարածքի բարեկարգման դժվար ու ծախսատար գործը: Կարծում եմ, որ հասարակական ճնշման և պահանջի դեպքում և’ Եկեղեցին, և’ Օրենսդիրը համապատասխան օրենքի միջոցով կկանոնակարգեն այս կարևոր հարցերը և կթեթևացնեն մեր` հազիվ ապրող քաղաքացիների հոգսերը: Եղեք առողջ և թող երբեք այս հարցերի շուրջ մտածելու առիթներ չունենաք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել