Այն վստահությունը, որ ունեն Միկոյանի զավակներն ու թոռներն իրենց հոր ու պապի բարոյականության, առաքինությունների, մարդասիրության վերաբերյալ, հավանաբար անկեղծ են: Անշուշտ, նրանցից ոմանք տեսել, զգացել են նրա տագնապներն ու ապրումները, հատկապես քառասնականների վերջին, երբ Ստալինը զգալիորեն սառն էր վերաբերում Միկոյանին, և վերջինս, իհարկե, ուներ հովանավորությունը կորցրածի բոլոր վախերը: Նրանք, անշուշտ, չափազանցում են դեստալինացման գործում Միկոյանի դերը, հատկապես Ստալինի մահից անմիջապես հետո, երբ բոլորը շփոթված էին: Մինչև Բերիան չգնդակահարվեց, Միկոյանը, գոնե բարձրաձայն, ոչինչ չի ասել «անհատի պաշտամունքի», ԽՍՀՄ բռնատիրության, կործանված մարդկանց, մտավորականների ոչնչացման, հասարակական անբարոյականացման մասին: Կամ խոսել է միայն տանը: Չէ՞ որ այդ պահպանողական ընտանիքում նրա զավակներին սովորեցնում էին ընտանեկան համերաշխության և ավագներին հնազանդության: Տարօրինակ այլ բան է այն, որ ամենևին չեն ուզում տեսնել, լսել կոնկրետ երևույթները և մի փոքր խորհել այդ մասին: Ի՞նչ է, նրանց սրտերն ամբողջովին քարացե՞լ են իրենց անցյալի տագնապների շրջանում: Թերևս, այլապես ինչպե՞ս են այդ մարդիկ բացատրում, օրինակ, այն հասարակ հանգամանքը, որ ՆԳԺԿ քսանամյակի հոբելյանական իր ելույթում նա մեծագույն գովեստով է խոսում ամեն մարդկային բան մոռացած, նույնիսկ իր կնոջը զոհասեղանին դրած Եժովի մասին և, նկատի ունենալով չարաբաստիկ 1937թ., իր խոսքն ավարտում է «Славно поработало НКВД за это время!» պաթետիկ բացականչությամբ: Օրինակ, եթե նա այդպիսի վերջաբան չունենար, Ստալինը նրան պիտի սպանվելո՞ւ ուղարկեր: Եժովը նրան բանտարկելո՞ւ էր: Կամ, ինչպե՞ս չեն տեսնում պիոներներ դաստիարակելու միկոյականական ահավոր ելույթը, գնացեք, ձեր հարազատ հայրերի՛ն մատնեցեք, դարձե՛ք մեր երկիրը կառուցող մարտիկներ: Ահա, ընկերներ, մեր լուսավոր ապագան: Մատնություն, սպանություններ, քծնանք... Այս երկերեսությունը, այս կրկնակի արժեքները, իրականի հավերժական լռությունը և կեղծի բարձրաձայնումը... Իհարկե, ավելորդ է սպասել ընտանիքի անդամների մեկնաբանություններին այնպիսի անկարևոր խնդիրների շուրջ, ինչպիսին Թուրքահայաստանի նկատմամբ Միկոյանի ծրագիրն էր, կամ «Ոչ մի, ո՛չ մի դեպքում Ղարաբաղը Հայաստանին չտալ» իր համար կյանքի ու մահվան հարց դարձած խնդիրը... Հավանաբար նույնիսկ չգիտեն էլ, կամ, իմանալու դեպքում պարզ պատասխան ունեն. «Մեր հայրն ամբողջ կյանքում խղճի խայթերից տանջվում էր»: Գուցե և տանջվում էր: Այդ դեպքում ի՞նչն էր նրան խանգարում հիսունական թվականներից հետո մինչև իր մահը խոսել, գրել իր խիղճն այդքան տանջող երևույթների իրական պատմությունը, կամ այդ պատմություններն այնպես, ինչպես ինքը գիտեր: Բացի կիսատ-պռատ «մենք սրիկաներ էինք»-ից ոչինչ չթողեց: Լավ, իր շուրջը կատարվող ամենօրյա մարդասպանություններին այդքան «չմասնակցած» մարդը բա գոնե հետագա սերունդներին չթողե՞ց իր պատկերացումը, թե ինչպես էր հնարավոր ամեն օր հազարավոր մարդկանց մահվան, համակենտրոնացման ճամբարներ ուղարկել, երեխաներին որբանոցներ ուղարկել, ամեն օր սարսռալ մահվան տագնապից և շարունակել ապրել այդ մսաղացում: Գոնե այդքանին տեղյա՞կ էր: Իսկ իրենք՝ որդիներն ու թոռները, իրականում տեղյա՞կ են, թե գիտեն միայն «անհատի պաշտամունքի» մասին խրուշչյովյան ճառով: Հիմա մեզ հայտարարում են, որ իրենց հայրը ղեկավարում էր ապաստալինացումը... հավանաբար ճիշտ նույն կերպ, ինչպես մասնակցում էր ստալինացմանը: Երկու դեպքում էլ հանձնարարություն էր կատարում: Ինչո՞ւ, ինչո՞ւ պիտի մարդիկ հավատան, որ 37թ. ՆԳԺԿ-ն փառաբանող մարդը դա աներ հարկադրաբար, իսկ հիսունականներին ապաստալինացումը աներ կամավոր: Աշխատանք էր՝ անում էր: Մի դեպքում այդ աշխատանքի հետևանքով մարդիկ էին սպանվում, մյուս դեպքում՝ ազտավում էին: Եթե առաջինում նա դերակատար չէր, այլ կատարող էր, ինչո՞ւ և ինչպե՞ս հավատալ, որ երկրորդ դեպքում դերակատար էր, կատարող չէր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/331177377034545?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել