ԵՄ-ը շարունակում է իր ճնշումները ոչ ԵՄ անդամ եվրոպական երկրների վրա: Ինչպես հիշում եք, օրերս Մոնտենեգրոյի նախագահ Ֆիլիպպ Վույանովիչը հայտարարեց, որ իր երկիրը, առանց Ռուսաստանի հանդեպ ունենալով որևէ բացասական վերաբերմունք, այնուամենայնիվ, միանում է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցներին, որպեսզի չդանդաղի իր երկրի` ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը: Այսօր Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի անունից հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ վերոնշյալ պատժամիջոցներին միացել են ևս մի քանի եվրոպական երկիր: Ճնշումները փաստորեն շարունակվում են:

Այսպիսով՝ Մոնտենոգրոյից զատ, Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին միացել են Իսլանդիան, Նորվեգիան, Ալբանիան և Լիխտեյնշտեյնը:

Տեսեք, բանն այն է, որ բոլոր վերը նշված պետությունները ինչ-որ տեղ կախման մեջ են ԵՄ-ից և ստիպված են վերջինիս հետ կոորդինացնել իրենց արտաքին քաղաքականությունը, ինչպես որ դա օրերս արեց Մոնտենեգրոն. Իսլանդիան հանդիսանում է ԵՄ-ին անդամագրվելու թեկնածու երկիր, Ալբանիան՝ պոտենցիալ թեկնածու, Նորվեգիան և Լիխտեյնշտեյնը՝ եվրոպական տնտեսական գոտու անդամներ: Կարծում եմ՝ այս հանգամանքները պարզելուց հետո տվյալ երկրների գործողությունները մեկնաբանելու կարիք անգամ չկա:

Մի խոսքով, Արևմուտքը, որ աջ-ձախ քննադատում է բոլորին և հայտարարում է ճնշումներ գործադրելու անընդունելիության մասին, փաստացի ինքն է ճնշում գործադրում ուրիշների նկատմամբ: Գուցե մի քիչ ավելի մեղմ միջոցներով, բայց, միևնույնն է, ճնշումը մնում է ճնշում: Այս երկրների ղեկավարների կողմից մենք մանրամասներ և հիմնավորումներ ամեն դեպքում չենք լսել և դժվար է միանշանակ պնդումներ անել, բայց ամեն դեպքում Մոնտենեգրոյի օրինակը ունենալով, կարող ենք մեզ իրավունք վերապահել և անել նման ենթադրություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել