Երեկ Ուկրաինայի Գերագույն Ռադան գրեթե միաձայն ընդունել է այսպես կոչված «փոխըմբռնման և խաղաղության» մասին հուշագիր: Այս փաստաթղթով նախատեսվում է անցկացնել անհապաղ սահմանադրական բարեփոխումներ, ամրագրել Ուկրաինայի կառավարման համակարգը որպես խորհրդարանական-նախագահական, երաշխավորել ռուսաց լեզվի հատուկ կարգավիճակն, ինչպես նաև մի շարք այլ հարցեր,որոնք իբր պետք է ուղղված լինեն իշխանության ապակենտրոնացմանը: Փաստաթուղթը նաև նախատեսում է «հակաահաբեկչական գործողության» դադարեցումը մի շարք շրջաններում, այն պայմանով, որ զինված խմբավորումները վայր դնեն զենքերը և ազատեն իրենց կողմից զբաղեցրած ադմինիստրատիվ շենքերը:

Սրան արդեն իսկ արձագանքել են Մոսկվայից և հույս հայտնել, որ այն ինչ հայտարարվել է իրակաում նաև արձանագրված է թղթի վրա, քանի որ ըստ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի այն ինչ սովորաբար հայտարարվում է երբեմն տեղ չի գտնում իրական փաստաթղթում: Իսկ ընդհանուր առմամբ փաստաթուղթը գնահատվել է դրական:

Մինչդեռ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ղեկավարի տեղակալ Միրոսլավ Ռուդենկոն հայտարարել է, որ իրենք առայժմ չեն տեսնում Կիևի կողմից տվյալ հուշագրի կատարման պատրաստաամություն: Վերջինս ասել է, որ անհրաժեշտ է առաջին հերթին սպասել, որպեսզի Կիևը դադարեցնի ուժային պայքարը և սկսի իրականացնել հուշագրով նախատեսված միջոցառումները, որից հետո միայն հնարավոր կլինի խոսել որևէ երկխոսության մասին:

Մի խոսքով ինչպես հասկացաք ընդունվել է մի փաստաթուղթ, որը կրկին շահարկման առիթ է տալիս կողմերին: Կիևը կարծես ամեն ինչ խոստանում է, բայց խոստանում է այն ժամանակ, երբ այսպես կոչված «ապստամբները» վայր դնեն իրենց զենքերը, իսկ վերջիններս էլ պնդում են, որպեսզի արվի ճիշտ հակառակը, որպեսզի համաձայնեն երկխոսել: Ի դեպ Ռուսաստանի կարծիքն էլ այս հուշագրի վերաբերյալ խաբուսիկ է: Միանշանակ ոչինչ չի ասվում: Առաջին հայացքից կարծես ողջունում են դրա ընդունումը, սակայն անմիջապես դրանից հետո հավելում են, որ դեռ պետք է այդ փաստաթղթին ամբողջությամբ ծանոթանան:

Այս համատեքստում նշենք նաև, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունների անցկացմանը մնացել է շուրջ 4 օր: Շատերը կարծիք են հայտնում, որ Կիևի կողմից տվյալ քայլն իրականում բխում է հենց այդ ընտրությունները լեգիտիմացնելու տրամաբանությունից: Այլ կերպ ասած Ուկրաինայի իշխանությունները փորձում են այնպես անել, որպեսզի «ապստամբենրը» չխոչընդոտեն ընտրությունների անցկացմանը և ամեն ինչ անցնի հարթ և խաղաղ պայմաններում: Դժվար է հասկանալ Կիևի իրական դրդապատճառը, բայց լավ կլինի, որ դա լինի ճգնաժամը լուծելու անկեղծ ցանկություն, այլ ոչ թե նեղ, կարճաժամկետ հաղթանակ կորզելու փորձ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել