«Ադրբեջանը դեռևս ներխուժման չի ենթարկվել, բայց հնարավոր է, որ ապագայում ենթարկվի», հայտարարել է Բաքվում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում՝ ավելացնելով, որ չգիտե Վ. Պուտինի մտադրությունների մասին, սակայն չի կարծում, որ «Ռուսաստանն ու Իրանը կուզենային ընդհանուր սահման ունենալ»:
Ամերիկայի դեսպանի հարցազրույցը շատ ուշագրավ է բազմաթիվ առումներով՝ հատկապես Բաքվի հասցեին դրանում առկա բացահայտ և ծածուկ սպառնալիքներ պարունակող ուղերձներով, որոնց շարքում վերևում բերված վերջին խոսքերը, թերևս, ամենաուշագրավն են: Խնդիրն այն է որ փաստորեն առաջին անգամ նման բարձրաստիճան ամերիկյան դիվանագետի մակարդակով բարձրաձայնվում է Ադրբեջանի որպես պետական կազմավորման գոյության դադարեցման հնարավորությունը, նույնիսկ, եթե դա արվում է մասնակի հերքման համատեքստում:
Եթե նույնիսկ անհերքելի համարվի Ռուսաստանի և Իրանի՝ ընդհանուր սահման ունենալուն առայժմ պատրաստ չլինելու ակնհայտորեն քննարկելի դրույթը, ապա դա ամենևին էլ չի բացառում, որ երկու պետությունները կարող են համաձայնության գալ միմյանց միջև փաստացի բուֆերային բնույթ կրող պետական նոր կազմավորումների՝ անկախ Թալիշստանի և Շիրվանի Պարսկական հանրապետությունների, ինչպես նաև Ռուսաստանի սուբյեկտ Դաղստանին միանալու հեռանկարով միջանկյալ անկախությամբ ներկայում ադրբեջանաբնակ լեզգիներին, ավարներին, կրիզներին, բուդուխցիներին, խինալուղցիներին և այլ կովկասալեզու ժողովուրդներին միավորող միջանկյալ անկախությամբ համադաշնային նոր պետական միավորի, ստեղծման ծրագրերի շուրջ:
Ընդ որում՝ նկատի առնելով Հայաստանի ունեցած արդեն իսկ բացառիկ և զգալի ազդեցությունը Ադրբեջանական Հանրապետությունում նշված ժողովուրդների ազգային և հասարակական-քաղաքական համախմբման գործընթացում, Երևանի կամ Ստեփանակերտի գործուն ներգրավումը Ադրբեջանական Հանրապետության հնարավոր վերաձևման ծրագրերին, դրա արդյունքում համապատասխան տարածքային և այլ ձեռքբերումների բնական ակնկալիքով, ուղղակի անխուսափելի պետք է համարվի թե՛ Մոսկվայի և թե՛ Թեհրանի կողմից:



