Ջեյմս Ուորլիքը, իր նախկին ոչ միջնորդական խոսքը վերահաստատելով, վերահաստատեց նաև դիվանագիտության փոխակերպման հակումը ոչ դիվանագիտական վիճակի, քանի որ նախորդ՝ ակնհայտորեն միջնորդական առաքելության սկզբունքներին և էթիկային հակասող ձևակերպումները չգտան համարժեք պատասխան: ԵԱՀԿ ամերիկացի համանախագահն ակնհայտորեն խախտեց նաև չերչիլյան՝ «ոչինչ չասելուց առաջ երկու անգամ մտածելու» կարգախոսը՝ այն վերափոխելով «չմտածելուց առաջ երկու անգամ խոսելու» բանաձևով, որը դիվանագետի դեպքում ունի առնվազն մի քանի պատճառ՝
1.Պրոֆեսիոնալիզմի բացակայություն.
2.Պատասխան չստանալու ներքին համոզմունք և/կամ իրողություն, երբ դիվանագետը գիտի կամ տեսնում է, որ իր ասածները չեն ստանում պաշտոնական արձագանք: Դա հատկապես աշխատում է, երբ կողմերից որևէ մեկն ակնհայտորեն կիրառում է ճնշման քաղաքականություն.
3. Պատասխան տալու տակտիկա, երբ պետության վարքի համար տրվում է դիվանագիտական պատասխան. դրանք կարող են լինել տարբեր միջազգային կառույցներում քվեարկություններ, հայտարարություններ, պայմանագրեր և այլն:
Բայց կա ևս մեկ պատճառ, որը դուրս է բարոյականության շրջանակներից. դա խավիարն է: Մնացած դեպքերում նման կարգավիճակ ունեցող մարդիկ սովորաբար պահպանում են առավելագույն չեզոքություն, որի համար դիվանագիտությունն ունի անսահմանափակ հնարքներ, նույնիսկ եթե առկա է լինում ճնշում կողմերից որևէ մեկի կողմից: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում անթաքույց արտահայտվում էին Ուորլիքի փոխարինման անհրաժեշտության մասին, որից հետո տեղի ունեցավ հայտնի ելույթը. սա ակնհայտորեն ճնշում էր, բայց երկրորդ անգամ նման միտքը կրկնելն արդեն վերը նշված պատճառների տիրույթում պետք է փնտրել: Հետևաբար, համոզված կարելի է ասել, որ այժմ պաշտոնական Երևանի կողմից խիստ դիրքորոշման հանդիպելուց հետո, Ուորլիքը սկսելու է խմբագրել իր ասածները կամ դրանց նման ձևակերպումներ գտնել Ադրբեջանի ուղղությամբ: Հուսանք, գոնե, որ նրա այս հայտարարությունները խավիարի գին չունեին: Ժամանակն է նաև Ռուսաստանի դեսպանին ՀԿ-ների համար նոր դերեր փնտրելու և իր առաքելությունից վեր երկրի ներքին գործերին միջամտելու փոխարեն, առաջարկել Հայաստանին ցուցաբերել Ռուսաստանի պատասխան դիվանագիտական աջակցությունը՝ Ղրիմի հարցի քվերակության դիմաց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/703211979717300
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել