Վարչապետը հանդիպել է ցուցարարներին ու լսել նրանց բողոքներըArmnewsTV.am-ը գրում է.

Վարդենիկցիները պահանջում են վերանայել ավարտական դասարանի աշակերտների վճիռը: Երեքշաբթի, Մարտունու դատարանը աշակերտներից մեկին դատապարտել է 1 տարվա, ևս 2-ին` 6 ամսվա ազատազրկման: Տղաներին մեղադրում են ֆիզկուլտուրայի ուսուցչին ծեծելու համար: Ուսուցիչը թեև հայտարարել է, որ բողոք չունի, բայց երեխաներին դատապարտեցին: Վարդենիկցիները դատարանի վճիռն ապօրինի են գնահատում և կառավարության շենքի դիմաց նրանք պահանջում են վերականգնել արդարությունը:

Գործադիրը նիստը չէր սկսել, երբ ծնողներին ու երեխաներին ընդառաջ եկավ վարչապետը: Հովիկ Աբրահամյանը խոստացավ ուղիղ մեկ ժամից հանդիպել իր աշխատասենյակում, նիստից անմիջապես հետո:

12-րդ դասարանի աշակերտների ու ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սևակ Բադալյանի միջև վեճը տեղի էր ունեցել սեպտեմբերին: Միջադեպը չէր ավարտվել, երբ Մեսրոպը դուրս էր եկել լսարանից, հետո ներս եկել, ուսուցիչ Բադալյանը հրավիրել էր դուրս` հարցերը պարզելու, ու այստեղ էլ սկսվել է բռունցքների տարափը: Հայհոյանքից րոպեներ անց էլ ուսուցչին տեղափոխեցին հիվանդանոց, բուժման ծախսերը հատուցեցին ծնողները` իրենք պնդում են, որ վճարել են, ուսուցիչը հերքում է:

Կես ժամ անց, հրավիրեցին` վարչապետը սպասում է: Ցուցարարներին մոտեցավ նախարար Աշոտյանը, ծնողների հետ խոսել է, քննարկել են, վճիռն էլ անակնկալի է բերել Կրթության նախարարին, պետք է այնպես անել, որ անչափահասները կարողանան կրթություն ստանալ ու բանակ զորակոչվել, մեկ ամսից:

Մեկուկես ժամ քննարկում դռների ետևում, տղաների հայրերն ու փաստաբանը կառավարական շենքից դուրս եկան, միայն ասացին, որ վարչապետը խոստացել է իր հսկողության տակ վերցնել գործն ու մեկ շաբաթվա ընթացքում պարզել բոլոր հանգամանքները:

Մարզի բնակիչների մյուս մասը` շենքի մյուս մասում էին, հացառատցիները պահանջում են ուշադրություն դարձնել Գավառի իրենց թաղամասին, կենցաղային, սոցիալական ու սանիտարական պայմաններին:

Կառավարության դռների առջև ու մյուս ցուցարարներից մեկ քայլ առաջ որդեկորույս մայրերն են: Նրանք խնդրեցին ու պահանջեցին` վերանայել իրենց որդիների մահվան մանրամասներն ու բացահայտել գործը: Վարչապետը խոստացավ` առաջիկա օրերին հանդիպել նրանց:

Օրվա երկրորդ կեսին` ցույց սկսեցին եզդիները, ՄԱԿ-ի գրասենյակի առջև: Նրանք պահանջում են, որ միջազգային կազմակերպությունները օգնության ձեռք մեկնեն իրաքում ապրող եզդիներին ու սաստեն ահաբեկիչներին: Վերջին 10 օրերին սպանվել է 15 եզդի և տեղահանվել է 4000-ից ավելի բնակիչ:

Եզդիների միությունը կոչ արեց ՄԱԿ-ին միջամտել տեղի ունեցող իրադարձություններին: Այս պահանջը ՄԱԿ-ի գրասենյակին հանձնեցին նամակով, հաջորդ նամակը փոխանցեցին Իրաքի դեսպանատանը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել