Հարավ-չինական ծովում կրքերը կրկին թեժացել են: Հիմնական դերակատարներից մեկը կա և մնում է Չինաստանը, սակայն այս անգամ «բարիկադների» մյուս կողմում Վիետնամն է: Բանն այն է, որ Չինաստանը Հարավ-չինական ծովում առկա մի շարք կղզիների համար լուրջ հակասությունների մեջ է այդ տարածաշրջանում գտնվող մի քանի (համարյա բոլոր) պետությունների հետ, ինչպիսիսք են Վիետնամը, Մյանմարը, Թայվանը, Ֆիլիպինները, Ճապոնիան և այլն: Այս անգամ խնդիրը ծագել է Պարասելյան կղզիների տարածքում Չինաստանի ազգային օֆշորային նավթային կորպորացիայի (CNOOC) կողմից հորատման աշխատանքներ իրականացնելու փորձի կապակցությամբ, որը սրել է վիետնամաչինական հարաբերությունները` մեծացնելով տարածաշրջանում առկա ընդհանուր լարվածության մակարդակը:
Նախորդ շաբաթ, կարելի է ասել, չինացիք փորձ արեցին իրականացնել հորատման աշխատանքներ Պարասելյան կղզիների շրջակայքում, և ստացվեց այնպես, որ Վիետնամի և Չինաստանի ռազմածովային ուժերի միջև նույնիսկ բախում տեղի ունեցավ: Դրան հաջորդեց երկու երկրների միջև դիվանագիտական լեզվակռիվը և երկու հասարակությունների շրջանում ազգայնական տրամադրությունների ակտիվացումը: Դեպքերն այնքան ծայրահեղացան, որ երեկ ամբոխը հարձակվեց Վիետնամի հարավում գտնվող չինական մի ձեռնարկության վրա, որի արդյունքում բազմաթիվ վնասվածքներով (ավելի քան 100) մարդիկ տեղափոխվեցին հիվանդանոց, իսկ ազգությամբ չինացի 16-ը մահացան:
Սա արդեն առաջին անգամը չէ, որ Չինաստանը միակողմանի քայլեր է ձեռնարկում և ձեռնարկելիս էլ ձեռնարկում է բավական կոշտ և ագրեսիվ քայլեր: Ինչպես սկզբում նշվեց, հերիք չէ՝ այդ երկիրը տարածքային վեճեր ունի տարածաշրջանում առկա թերևս բոլոր պետությունների հետ, դեռ մի բան էլ հավակնում է որոշներին միացնել իրեն: Խոսքը հատկապես Թայվանի մասին է: Չինաստանը գնալով ավելի ինքնավստահ պետություն է դառնում` ելնելով վերջինիս թե´ տնտեսական, թե´ ռազմական ինտենսիվ զարգացման տեսանկյունից: Դրան զուգահեռ, սակայն, այս երկիրը վերածվում է նաև ուղղակի սպառնալիքի հարևան երկրների համար: Այսօրվա դրույթամբ այդ երկիրն իրեն հավասարն արդեն իսկ չունի տվյալ տարածաշրջանում: Չինաստանին միակ քիչ թե շատ զսպող հանգամանքն ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն է և հանձնառությունը պաշտպանելու մի շարք երկրներին «հնարավոր ոտնձգություններից»:
Այնպես որ, ապագան ամբողջ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար բավական անկանխատեսելի է՝ հենց թեկուզ Հարավ-չինական ծովում առկա խնդիրների պատճառով: