Այն, որ աշխարհում գոյություն ունեն երկու գեր ուժեր, որոնք որոշում են երկրների ճակատագրեր, քանդում, կործանում, վերականգնում և այսպես անվերջ: Այն, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը մեծ հետք է թողել աշխարհի վրա, կասկածից վեր է: Սառը պատերազմը, որ թվում էր, թե վերջնականապես անցել է պատմության գիրկը, նորից վերադառնում է: Այն ժամանակավորապես քուն էր մտել Ռուսաստանի հետ միասին: Ամեն մի ոլորտում, ամեն մի քաղաքականության մեջ էլ մեկ ուժի իշխումը տանում է դեպի կործանում: Երբ չկա երկրորդ կարծիքը, չկա նաև դեմոկրատիա, թեկուզև այդ միակ կարծիքը աշխարհում ամենաշատը դեմոկրատիա քարոզող երկրին է: Այժմ նայենք դեպի անցյալ և տեսնենք, թե ինչ էր կատարվում աշխարհում, քանի դեռ Ռուսաստանը արջի քուն էր մտել, և աշխարհում կար միայն մեկ կարծիք: 1999 թվականին, երբ հարբեցող Ելցինը բարձրացնում էր հերթական օղու բաժակը, ՆԱՏՕ-ի զորքերը, պաշտպանելով Կոսովոյի և դեռ Հարավսլավիայի անդամ կազմող մի քանի երկրների ինքնորոշման իրավունքը, ռմբակոծում էին Սերբիան և հատկապես Բելգրադը: Այդ ռազմական ագրեսիայի հետևանքով մահացան մոտ երկու հազար անմեղ քաղաքացիներ, որոնց մեծ մասը երեխաներ էին: Դրանց հետևեցին Իրաքի ռմբակոծումները, և վերջապես` «Արաբական գարունը», որը վերածվեց խոր աշնան այդ երկրների համար: Այն, թե ինչի վերածվեց Աֆրիկայի ամենազարգացող երկրներից մեկը՝ Լիբիան, տեսան բոլորը: Քադաֆին, իհարկե բռնապետ էր, բայց մի՞թե դեմոկրատ է հոշոտել նրան փողոցում և այդ դաժան կադրերը ցուցադրել ամբողջ աշխարհով: Գագաթնակետը եղավ Սիրիան, երբ «Ալ Քաիդան», հայտնի, այսպես կոչված, «հակաամերիկյան» տեռորիստական խումբը, ավերում էր պատմական այս երկիրը: Դրանց հետևեց նաև վերջերս տեղի ունեցած հայերի զանգվածային տեղահանությունը Քեսաբից: Մի՞թե ոչ մեկի մոտ չի ծագել այն հարցը, թե ինչու էին CNN-ը, euronews-ը, BBC-ին համառորեն լռում այս մասին: Եվ վերջապես, եկանք գլխավոր թեմային` ՈՒկրաինային: ՈՒկրաինայում կատարված հեղափոխությունը, իհարկե, մեծ մասամբ ռադիկալ-նացիստական խմբավորումների շնորհիվ եղավ: Իսկ դիպուկահարների կողմից կատարված սարսափելի սպանություններն այդպես էլ չհետաքննվեցին: Երևի թե պարզ է, թե այդ սպանությունների հետևում ովքեր էին կանգնած: Ղրիմի վերաբերյալ երկու կարծիք լինել չի կարող. յուրաքանչյուր ազգ ունի ինքնորոշման իրավունք, և դա, մենք` հայերս, ամենալավը պետք է հասկանանք: Բայց, եթե մեկ այլ տեսանկյունից նայենք` կտեսնենք թե՛ Ռուսաստանի և թե՛ Արևմուտքի կեղծավոր քաղաքականության արմատները: Ժամանակին, երբ որոշվում էր Կոսովոյի ինքնորոշման իրավունքը, Վլադիմիր Պուտինն ասում էր, որ գլխավորը տարածքային ամբողջականությունն է, իսկ Ամերիկան իր հերթին բղավում էր, որ յուրաքանչյուր ազգ ունի ինքնորոշման իրավունք: Այստեղից էլ հետևություն. չկան գաղափարներ, կան միայն շահեր, իսկ Ամերիկայի և Ռուսաստանի շահերի բախումից տուժում են միայն թույլերը, որոնք անզոր են պաշտպանել իրենց սեփական շահերը:



