Եթե փորձենք վերլուծել Ուորլիքի տակտիկան, որը նոր մարտահրավեր է բացում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հատկապես հայկական կողմի համար, ապա խնդիրը պետք է դիտարկենք հետևյալ հարթություններում.
1. «Նախազգուշացման կամ ճնշման տակտիկա». միանշանակ է, որ ԱՄՆ-ն Ուորլիքի միջոցով փորձում է Հայաստանի վրա ճնշում գործադրել դիվանագիտական ճակատում՝ կապված ՀՀ-ի՝ դեպի հյուսիս ուղղված աշխարհաքաղաքական կողմնորոշման հետ, հատկապես՝ սա դիվանագիտական պատասխան էր Ղրիմի հարցում Հայաստանի քվերակության կապակցությամբ: Հեֆերնի հաստատումը, որ սա ԱՄՆ տեսակետն է, արդեն դիվանագիտական նախազգուշացում է:
2. Մյուս կարևոր հանգամանքն այստեղ ԱՄՆ-ի «մեսիջային տակտիկան է», այսինքն, որ դա անում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-միջնորդը: Ստացվում է՝ Վաշինգտոնը ցույց է տալիս, որ այդպիսի դիրքորոշումը կարող է տեղ գտնել Մինսկի խմբի շրջանակներում, որը կփոխի հայ-ադրբեջանական բանակցային հավասարակշռությունը: Սա նման է «վերջին պահին պահանջների առաջքաշման» կամ «պահանջների աստիճանական մեծացման» տակտիկային, որն անակնկալի է բերում բանակցող կողմին:
3. Մյուսը «հասարակական բազա գտնելու տակտիկան է». ԱՄՆ-ը ձգտում է այդ սեկտորում համախոհներ գտնել (որովհետև ընդդիմադիր ուժերը ցույց տվեցին, որ իրենք չեն պատրաստվում հակառուսական դիրքորոշում որդեգրել), որոնք կքննադատեն իշխանության իրականացրած քաղաքականությունը, կստեղծեն համապատասխան միջավայր հասարակական մոբիլիզացիայի համար, և որոնք կստեղծեն կամ կդառնան լավ քաղաքական հենարաններ:
Իսկ հյուսիսից էլ դժգոհություններ են գալիս մեր երկրում գործող քաղաքացիական սեկտորի առնչությամբ, որի նպատակն է «պարզել» այդ ոլորտը. նախ՝ թույլ չտալ ԱՄՆ-ի համար հնարավոր հենարանի առկայություն, և ապա, լուծել Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականության նկատմամբ լեգիտիմության հարցը: Հիմա, փաստորեն, Հայաստանում բացվել է ԱՄՆ-ՌԴ յուրատեսակ դիվանագիտական մրցակցություն, որը ենթադրում է, որ ԱՄՆ-ն օգտագործելու է իր դիվանագիտական ռեսուրսները՝ ի դեմս միջազգային աջակցման և ինֆոքաղաքականության գործիքների՝ Հայաստանի (և ոչ միայն) առաջ միջազգային հարաբերություններում լուրջ բարդություններ, մարտահրավերներ բացելու և ինֆոտարածությունում ոչ նպաստավոր միջավայր ձևավորելու համար, որոնք կխեղեն Հայաստանի արտաքին քաղաքական ֆունկցիան, իսկ ՌԴ-ն օգտագործելու է իր տնտեսական և քաղաքական ազդեցությունը Հայաստանի վրա, երբ ՀՀ իշխանության համար սահմանափակվելու կամ բացառվելու է ընտրության հնարավորությունը: Աստիճանաբար առաջանում է, այսպես կոչված, արտաքին դիլեմա, երբ մի կողմի հետ մերձեցումը առաջացնում է մյուսի ռեակցիան: Նման մարտահրավերի դիմագրավումը ենթադրում է միմիայն մերիտոկրատական տիպի՝ կոմպետենտ, բարձր որակներով ու ցուցանիշներով, արժանավորների, իսկական ընտրյալների քաղաքական էլիտա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/699494783422353
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել