6 կետ՝ ի գիտություն մեր բարեկամների եւ թշնամիների.
1. Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը անկախ պետություն է, այդ անկախությունը կայացել է միջազգային իրավունքի ոգուն եւ տառին համապատասխան, եւ այն հանգամանքը, որ այդ անկախությունը դեռ ճանաչված չէ, չի փոխում այդ անառարկելի իրավական փաստը:
2. Արցախի Հանրապետության սահմաններն ամրագրված են նրա սահմանադրությամբ եւ ձեւավորվել են Ադրբեջանի կողմից իր հանդեպ ագրեսիայի կասեցման եւ իրեն պարտադրված նվաճողական պատերազմում հաղթելու արդյունքում:
3. Ոչ ԼՂՀ-ն ու ոչ էլ Հայաստանի Հանրապետությունը երբեք չեն հաշտվի Ադրբեջանի կողմից Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանների հատվածների եւ Նախիջեւանի օկուպացիայի հետ (սա ինչ վերաբերում է Արեւելյան Հայաստանին):
4. Ադրբեջանցի բոլոր փախստականները եւ ներքին տեղաշարժված անձիք իրավունք եւ հնարավորություն կստանան վերադառնալու իրենց տները ԼՂՀ-ում եւ ՀՀ-ում այն պահից, երբ
ա/ ճանաչեն ԼՂՀ իշխանությունը,
բ/ նմանատիպ իրավունք եւ հնարավորություն կտրվի 1915թ.-ից ի վեր ներկայիս Թուրքիայի (Արեւմտյան Հայաստան) եւ Ադրբեջանի (Բաքու, Սումգաիթ, Գանձակ եւ այլն) տարածքներում գտնվող իրենց բնակավայրերից տեղահանված բոլոր հայ, եզդի, ասորի ու ուտի փախստականներին՝ բոլոր փախստականների եւ նրանց ժառանգների հանդեպ միջազգային նորմերի ՀԱՎԱՍԱՐ կիրառմամբ (այդ թվում նրանց կորցրած տների, հողերի եւ այլ ունեցվածքի հանդեպ սեփականության իրավունքի վերականգնման մասով):
5. ԼՂՀ վերաբերող որեւէ փաստաթուղթ չի կարող ստորագրվել, իսկ համաձայնություն՝ չի կարող գոյություն ունենալ առանց ԼՂՀ ժողովրդի համաձայնության:
6. ՀՀ անլեգալ եւ ոչ լեգիտիմ դե ֆակտո իշխանությունների եւ նրանց նախորդող նմանատիպ վարչակարգերի կողմից խաղաղարար հարգարժան միջնորդներին եւ միջազգային հանրությանը տրված խոստումները եւ ստորագրված փաստաթղթերը, այդ թվում տխրահռչակ Մադրիդյան սկզբունքները, որոնց վրա պարբերաբար հղում են անում միջնորդները, պետք է համարվեն առոչինչ, իսկ եթե այդպես ավելի ընկալելի կլինի՝ ՀՀ նոր, ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները կհաստատեն 4-րդ հանրապետություն, որը ազատ կլինի ոչ միայն իր ներքին բնույթով եւ քաղաքացիների կենսակերպով, այլեւ հայ ժողովրդի շահերին հակասող ապօրինի համաձայնագրերից եւ համաձայնություններից: