Երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը լրագրողների համար կազմակերպվել էր տեսակամուրջ Ֆրանսիայի նախագահի՝ դիվանագիտական հարցերով հատուկ խորհրդական Փոլ Ժան-Օրթիզի հետ, որի ժամանակ վերջինս անդրադարձել է Օլանդի տարածաշրջանային այցին: Ի դեպ, նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը տարածաշրջանային այցով մայիսի 11-ին կժամանի Բաքու, մայիսի 12-13-ին կլինի Երևանում, իսկ մայիսի 13-ին կմեկնի Թբիլիսի: Շատ չխորանալով Ադրբեջանի և Վրաստանի հետ կապված Ֆրանսիայի նախագահի ծրագերի մեջ` անդրադառնանք Հայաստանին վերաբերող թեմաներին:
Փոլ Ժան-Օրթիզը, խոսելով Օլանդի` Հայաստան կատարելիք այցի մասին, ասել է հիմնականում հետևյալը. «Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցի օրակարգում մի շարք տնտեսական հարցեր կան, և նա խնդիր է դրել ավելի խթանելու երկու երկրների տնտեսական հարաբերությունները՝ հաշվի առնելով երկկողմ քաղաքական և մարդկային հարաբերությունների բարձր մակարդակը: Նախագահն աջակցելու է Հայաստանի արդիականացմանն ու արտաքին աշխարհի առջև բացվելուն՝ մեծացնելով առևտրային հարաբերություններն ու նպաստելով Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, որպեսզի հնարավոր լինի խթանել ներդրողների մուտքը երկիր: Ֆրանսիան երկրորդ ամենախոշոր ներդրողն է Հայաստանում (Ռուսաստանից հետո), և նախագահ Օլանդի պատվիրակությունը մինչ այժմ Ֆրանսիայից եկած ամենակարևոր տնտեսական պատվիրակությունը կլինի: Մայիսի 12-ին Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները կբացեն հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը, նախագահ Օլանդը կայցելի «Կարֆուր» հիպերմարկետի տեղակայման տարածք»:
Սա, այսպես ասած, ամենաանմեղ և մեզ համար ցանկալի տողեր էին, որոնք կարելի էր լսել ֆրանսիական կողմից: Ինչ վերաբերում է դրան հաջորդող նախադասություններին, ապա առնվազն ինձ մոտ դրանք առաջացնում են հարցեր և տարակուսանք:
Օլանդի խորհրդականը ասել է նաև, որ Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցի քաղաքական օրակարգում են լինելու Հայաստանի և Եվրամիության հետագա հարաբերությունները: Վերջինիս խոսքերով աշխարհաքաղաքական վերջին զարգացումների համատեքստում Ֆրանսիայի նախագահը ցանկանում է դրական ազդանշաններ տեսնել Հայաստանի կողմից:
Ինչ-որ վերջերս շատ չե՞ն Հայաստանից ակնկալիքները: Քանի կար, Թուրքիան էր ինչ-որ բան ակնկալում Հայաստանից, հիմա էլ` Ֆրանսիան: Եթե ես չեմ սխալվում, Հայաստանը քիչ թե շատ բաց քաղաքականություն է վարում, և մեր բոլոր գործընկերների համար՝ հասկանալի: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա կարծում եմ, որ ամեն դեպքում մենք պատասխանել ենք այդ երկրին, և ոչ մեկ անգամ, և պատասխանել են ուղղակիորեն ու շատ հստակ: Սա զուտ Թուրքիայի մասով:
Հիմա ինձ մոտ հարց է առաջանում, թե այդ ինչ ակնկալիքներ ունի մեզանից Ֆրանսիան՝ «աշխարհաքաղաքական վերջին զարգացումների համատեքստում»: Պարզ է, որ «աշխարհաքաղաքական վերջին զարգացումներ»-ը վերաբերում են Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերություններին՝ Ուկրաինական հակամարտության համատեքստում, բայց պարզ չէ, թե ինչ է ակնկալում մեզանից Արևմուտքը այդ նույն համատեքստում: Եթե ինձ իմ հիշողությունը չի դավաճանում, Հայաստանի կողմից ձեռնարկված վերջին քայլերը արտաքին քաղաքականության ասպարեզում հստակ ցույց են տվել մեր դիրքորոշումը տվյալ խնդիր վերաբերյալ: Մենք թե´ Ղրիմի անկախացմանն ենք արձագանքել «մեր շահերին համապատասխան», թե´ ՄԱԿ-ում տվյալ խնդրի շուրջ առաջարկված բանաձևին: Կարճ ասած՝ պաշտպանել ենք Ռուսաստանի դիրքորոշումը և արել ենք իրականում երկու պատճառով: Ելնելով թե´ մեր շահերից, թե´ որոշ առումներով պարտադրված` հասկանալով, որ Ռուսաստանն այսօրվա դրությամբ մեզ համար անփոխարինելի դաշնակից է: Այնպես որ, այս հարցում մեզ վրա կարող են հույս չդնել:
Գիտեք՝ ինչ, երբ անկախությունից ի վեր մենք Արևմուտքի կարիքն ունեինք` զարգացնելու, դիվերսիֆիկացնելու մեր տնտեսությունը, ինչպես նաև կարիքն ունեինք առհասարակ պետականության կայացման ճանապարհին, մեզ ոչ ոք պատշաճ չարձագանքեց: Այժմ երբ վերջին 23 տարիների ընթացքում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք թե´ տնտեսապես, թե´ ռազմական տեսանկյունից լուրջ կախման մեջ ենք հայտնել Ռուսաստանից, մեզ կանգնեցնում են երկընտրանքի առջև: Աստված սիրեք, մեզ ո´չ Ձեր «Կարֆուրն» է պետք, ո´չ էլ Ձեր ներդրումները, միայն հանգիստ թողեք մեր երկիրը: Ես կարծում եմ՝ Հայաստանի համար շատ ավելի կարևոր է ապրել կայուն և խաղաղ պայմաններում, քան թե հայտնվել Ուկրաինայի իրավիճակում: Ես հուսով եմ, որ Օլանդը Հայաստանում չորով չի բարձրացնի այս հարցը, և իր «ակնկալիքները» կբավարարվեն այնպես, որոնք թույլ կտան շարունակել երկկողմ հարաբերությունները՝ հիմնված երկու երկրների առանցքային շահերի վրա: