Medialab.am-ը գրում է.
Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործելաոճն ընդամենը PR ակցիա է, որով նա փորձում է ընդգծել իր աշխատաոճի տարբերությունը նախկին վարչապետի աշխատաոճի նկատմամբ: Այս կարծիքին է ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը, ով «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ վերջին շրջանում ծավալած գործունությանը եւ տարբերի իրավիճակներում անսպասելի արձագանքներին:
Թեև Հովիկ Աբրահամյանը երկար տարիներ է, ինչ բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցնում, սակայն նա իր պահվածքով սկսեց աչքի ընկնել բոլորովին վերջերս՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո:
Հովիկ Աբրահամյանը հայտարարում է փոքր բիզնեսին աջակցելու մասին, ասում, որ դեմ է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին, դրա հետ կապված օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս, անկանկալ այցեր է կատարում գիշերօթիկ դպրոց, իսկ իր անունը տառասխալով լրատվական թողարկմանը «Հավիկ» տիտրով ներկայացնողներին կոչ անում վերականգնել աշխատանքի:
«Եթե նա ցանկանում է լավ գործով ընդգծել իր տարբերությունը նախկին վարչապետի նկատմամբ, առաջին հերթին պետք է ոչ թե նման PR ակցիաներով զբաղվեր, այլ՝ իրական գործով: Մասնավորպես, առաջին քայլով պետք է ազատականացնի Հայաստանի տնտեսական դաշտը, մասնավորապես, ներմուծումների բնագավառում: Մենք գիտենք, որ Հայաստանում ներմուծման բնագվառում պարենային և ոչ պարենային մի քանի տասնյակ անուն ապրանքատեսակների գծով մենաշնորհներ կան: Առաջին հերթին վարչապետն այս գործով պետք է զբաղվի»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով, քանի որ կառավարությունը Հայաստանում տեխնիկական բնույթ կրող մարմին է, և իրականում տնտեսական քաղաքականությունը որոշում է մեկ մարդ՝ Սերժ Սարգսյանը, ապա կարելի է եզրակացնել, որ վարչապետը նախորդ կառավարությունից տարբերվելու համար չի կարող իրականացնել տնտեսության ազատականացման ծրագիրը: Քանի որ Հովիկ Աբրահամյանն իրական գործով չի տարբերվելու, քանի որ իրական գործ չի կարող անել, հետևաբար, ըստ Արմեն Բադալյանի, այդ պատճառով ընտրել է PR ակցիաների աշխատաոճը:
«Լավ բան է գնալ ու մարդկանց հետ հանդիպել, խոսել, բայց մարդկանց գործ է պետք, իսկ գործ այս պահին դեռևս չկա»,- ասում է մասնագետը:
Նրա խոսքով՝ Հայաստանի բոլոր վարչապետերն էլ խոստացել են փոքր ու միջին բիզնեսի համար լավ միջավայր ստեղծել: Նա հիշեցնում է, որ նախկին վարչապետն էլ խոսում էր «դունիգ բիզնեսի» մասին, շրջանառության մեջ էր դրել կարգախոսներ, որոնցից էին Դիլիջանը` ֆինանսական կենտրոն, Ջերմուկը` տուրիզմի կենտրոն դարձնելը և այլն: Սակայն, նրա խոսքով, այդ խոսքերն իրականություն չդարձան, որովհետև Հայաստանում տնտեսական քաղաքականությունը կառավարությունը չի որոշում, այլ՝ Բաղրամյան 26-ը:
Քանի որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը բացասական վարկանիշ ուներ և բացասական վարկանիշով էլ հեռացավ, Արմեն Բադալյանի խոսքով, ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը փորձում է ամեն ինչ անել՝ ինչ-որ մի բանով տարբերվելու համար: Իսկ տարբերվելու համար, նրա խոսքով, երկու ճանապարհ կա՝ կամ իրական գործով պետք է զբաղվի, որն իր վերահսկողության տակ չի գտնվում, կամ PR-ով: Նա ընտրել է PR ակցիաները:
«Նա փորձում է ցույց տալ, որ իր աշախատաոճն ավելի ժողովրդական է, ժողովրդին ավելի մոտ է գտնվում, տնտեսությունից ավելի լավ է հասկանում: Դա է ընկած PR-ի հիմքում»,- ընդգծում է Արմեն Բադալյանը:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը նույնպես կարծում է, որ Հովիկ Աբրահամյանը տարբերվելու նպատակ ունի:
«Մեզ մոտ այնքան էլ ընդունված չէ ժողովրդի հետ ուղղակի շփումը, իսկ ցանկացած տարբերություն, այն էլ այս ոճի՝ ժողովրդի հետ շփման, ընդհանուր առմամբ դրական է ընկալվելու, և Հովիկ Աբրահամյանը դա գիտի»,- «Մեդիալաբին» ասում է Հարություն Մեսրոբյանը: Նա նշում է, սակայն, որ դա ոչ մի շոշափելի արդյունք չի տա:
Ըստ կառավարման փորձագետի՝ եթե Հայաստան գա անգամ աշխարհի ամենալավ կառավարությունը, ոչ մի շոշափելի արդյունք չի կարող տալ, որովհետև ցանկացած բարեփոխում հարվածելու է օլիգարխիկ համակարգին:
«Օլիգարխիկ պետական կառավարման համակարգում որակական փոփոխություններ չպետք է սպասել, անգամ երազում»,- ասում է նա: Հարություն Մեսրոբյանը նշում է, որ անկախ նրանից, թե ով է վարչապետը, ովքեր են նախարարները, անհնար է Հայաստանում փոփոխություն անել, համակարգը միտված չէ զարգացման:
«Փչացած շարժիչով ավտոմեքենա, հիմա ի՞նչ տարբերություն, թե ինչ գույն եք ներկելու այդ ավտոմեքենան, ինքը չի շարժվի»,- ասում է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ