Ռուսաստանն անխնա քննադատության է ենթարկում և´ Ուկրաինայի ներկայիս իշխանություններին, և´ Արևմուտքին` վերջին շրջանում Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է մի շարք հարցերի՝ ներառյալ Օդեսայում տեղի ունեցած բախումներին: Վերջինս համոզմունք է հայտնել, որ Կիևն ուղղակիորեն սադրում է բոլոր այս իրադարձությունները և պարզապես «հանցակից» է, և բոլոր նրանք, ովքեր իրենց հերթին աջակցում են Կիևյան «խունտայի» գործողություններին, ևս հանդիսանում են հանցակիցներ: Պեսկովը վերջում հավելել է, որ Արևմուտքի կողմից ուժային գործողություններն արդարացնելու ցանկացած փորձ պարզապես «խորքային ցինիզմի» դրսևորում է:

Հիշեցման կարգով ասեմ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ և իրենց գործողություններում իր «լիակատար աջակցությունը» հայտնել Կիևյան իշխանություններին` ուղղված երկիրն «ահաբեկիչներից ազատագրելուն»: Վերջինս շատ հստակ ասել էր, որ Ուկրաինայի իշխանություններն իրավունք ունեն կարգի հրավիրելու սահմանադրական կարգն իրենց երկրում և այլն:

Կարճ ասած՝ ատացվում է այնպես, որ Պեսկովն Օբամային որակել է որպես հանցագործ և մեղադրել ցինիզմի մեջ: Այլ կերպ ասած՝ սա անձամբ Պուտինի ուղերձն է Օբամային: Գիտեք` ինչ, մի բան է, երբ երկրները դիվանագիտական լեզվով միմյանց նախատում ու հանդիմանում են, միանգամայն այլ, երբ միմյանց բացեիբաց պիտակավորում են: Այս պարագայում, կարծում եմ՝ դա անելու «ճիշտ ու սխալն» անգամ այդքան կարևոր չէ, որքան, թե որ երկրներն են դա իրենց թույլ տալիս, ասել է թե, ինչ քաղաքական կշիռ, պատասխանատվություն ունեն միջազգային հարաբերություններում: Փաստ է, որ այսօր Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են չափազանց լարված և ցածր մակարդակում: Հետևաբար, ցանկացած անզգույշ քայլ երկու երկրներից յուրաքանչյուրի կողմից կարող է լուրջ հետևանքներ առաջացնել, եթե ոչ ամբողջ աշխարհի, ապա առնվազն տարածաշրջանի համար: Այնպես որ, նման հարցերում հավելյալ զգուշությունը չի խանգարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել