Կարծեմ արդեն կասկածող չկա, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ է՝ ամենաիսկական իմաստով: Ընթանում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև պատերազմ` ուրիշի տարածքում, ուրիշի ձեռքերով: Սիրիան ասիական ճակատն է, իսկ Ուկրաինան` եվրոպական: Երկու կողմերն էլ ասիական և եվրոպական ճակատներում ուղղակի ռազմական միջամտություն չեն կատարում: Գործում են իրենց գործակալների, հրահանգիչների, հատուկ ծառայությունների, գաղտնի դիվերսիոն խմբերի և այլնի միջոցով, նաև օգնում են իրենց կողմնակիցներին զենք-զինամթերքով, հետախուզական տվյալներով, ֆինանսապես: Երկու ճակատներում էլ կան հայեր`Սիրիայում մոտ 65.000, իսկ Ուկրաինայում մոտ 500.000: Սիրիական պատերազմից տուժած մեր հայրենակիցներին համայն հայությունը օգնում է ինչով կարող է, շատերն էլ տեղափոխվել են հայրենիք, իսկ քեսաբահայերի մասով գիտեն բոլորը: Ի՞նչ է սպասվում մեր կեսմիլիոնանոց ուկրաինահայ համայնքին: Մի մասը կասի, որ պետք է չեզոք մնան, բայց երբ արկը տանդ վրա է ընկնում, չի հարցնում՝ չեզո՞ք ես, թե որևէ կողմին ես հարում: Ցավալին այն է, որ ուկրաինահայերի մեծամասնությունը չի ցանկանում չեզոք մնալ և ակտիվորոն ներգրավվում է կոնֆլիկտին. արդեն երկու ճամբարներում էլ զոհված և հերոսացված հայեր ունենք: Բավական չէ՞ օտար կռիվներում հայի արյուն հեղվի: Կամ ուկրաինահայերը կգան հայրենիք` վաճառելով իրենց ունեցվածքը, որ հայրենիքում հաստատվեն, բնակարան ձեռք բերեն, բիզնես հիմնեն, կամ կմնան Ուկրաինայում, կկիսեն նրանց հետ պատերազմի բոլոր դառնությունները, պատերազմի հետևանքով կկորցնեն գույքը, բիզնեսը, Աստված չանի, բայց նաև կյանքը: Ձեր որոշելիքն է, ուկրաինահայ եղբայրներ և քույրեր: Ինչ էլ որոշեք, մեր սիրտը ցավում է Ձեզ համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել