Հայաստանում քաղաքական դաշտը մի տեսակ ատոմիզացվել է. ընդդիմությունը վարքաբանական, արժեհամակարգային ֆրագմենտացիայի մեջ է՝ չնայած միավորման որոշ փորձերի, իսկ իշխանությունն էլ կորցրել է հասարակության քաղաքական համակարգի զարգացման խթանները: Չկա դինամիկա, ստատիկ կայունությունը խորը լճացման աղբյուր է, որը մի օր գտնում է մի թույլ օղակ պայթելու համար, հատկապես՝ ներկայումս հասարակության մոտ տեղի ունեցող հորիզոնական մոբիլության համապատկերին, որը դաստիարակում է քաղաքականապես ակտիվ ու պահանջներ ձևավորող քաղաքացի: Այսպես, առաջացել է իրական քաղաքական լիդերի առկայության անհրաժեշտություն, որը կկարողանա ճիշտ ու ժամանակին ձևակերպել հասարակության պահանջները, իրականացնել այնպիսի կարևոր գործառույթներ, ինչպիսիք են մոբիլիզացիայի ու ինտեգրացիայի գործառույթները, որոնք ներկայում ձևավորված պասիվ սոցիալ-քաղաքական իրավիճակում առավել անհրաժեշտ գործոններն են՝ զարգացման որոշակի ազդակներով համակարգը սնուցելու համար: Լիդերի անհրաժեշտությունը էլ ավելի ակնառու դարձավ հատկապես նոր կառավարության կազմավորման արդյունքում, որն այնքան էլ նորը չէր, և որն ավելի որոշակիացրեց քաղաքական էլիտայի անադեկվատությունը, ռեֆորմների գնալու ցանկության բացակայությունը, անկարողությունն ու հասարակության ուժեղ ու ճկուն քաղաքական համակարգի հրամայականն ուժեղ ու կարծրացած իշխանական համակարգով փոխարինելու ձգտումը: Իսկ քաղաքական լիդերը հենց նման իրավիճակի լավագույն լուծումն է, ով կկարողանա քաղաքականություն մտցնել նոր ու այնպիսի պահանջներ, որոնց չիրագործումը վտանգավոր ու թանկ կթվա նույնիսկ ամենառեպրեսիվ ու ամենաբյուրեղացած իշխանության համար: Լիդերությունը ոչ միայն ինստիտուցիոնալ, այլև արժեհամակարգային, սոցիալ-հոգեբանական երևույթ է, այն իշխանություն է, բայց որի աղբյուրը հեղինակությունն է, գաղափարը և ոչ՝ վարչական ուժը կամ փողը, իսկ քաղաքական լիդերը, հենց այդ ռեսուրսների ու երևույթների գործադրմամբ իշխանությանը դասական առումով կպարփակի բևեռացված պյլուրալիզմի համակարգում, երբ վերջինս հարվածներ կզգա և ձախից, և աջից՝ ստիպված գնալով բարեփոխումների: Ի դեպ, չպետք է քաղաքական լիդերությունը խառնել անձնավորման հետ. սա լրիվ այլ կատեգորիա է: Ակնհայտ է, որ վերը նշված հատկանիշները անձնավորման ընկալումներում չեն տեղավորվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել