Ապրիլի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված քաղաքացիության հեշտ տրամադրման մասին օրենքը կարող է և չլինել այն, ինչ մենք կարծում էինք: Հիշեցման կարգով ասեմ, որ ըստ այդ օրենքի, նախատեսվում է քաղաքացիություն տրամադրել բոլոր այն մարդկանց, ովքեր ազատ տիրապետում են ռուսաց լեզվին և ապրում են կամ ապրել են ԽՍՀՄ, Ռուսական կայսրության տարածքում, ժամանակակից ՌԴ սահմաններում: Այսօր, սակայն, Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ դեռ պարզ չէ՝ կտարածվի արդյոք օրենքը Հայաստանում բնակվող ռուսախոսների վրա, թե` ոչ:
Վերջինս կարծիք է հայտնել, որ առաջիկայում կարող են նշել, որ օրենքը վերաբերում է ՌԴ տարածքում մշտական հիմքով բնակվող օտարերկրյա քաղաքացիներին: Դեսպանն ասել է, որ մոտակա ամիսների ընթացքում դեսպանությունը պաշտոնական պարզաբանություն կստանա այս ամենի կապակցությամբ: Օրենքի հստակեցման վերաբերյալ Վոլինկինը մասնավորապես ասել է հետևյալը. «Առանց մեկնաբանության մեզ համար այժմ դժվար է դատել բովանդակության մասին: Սակայն կարծում եմ, երբ կանոնները լինեն, մենք կկարողանանք մանրամասն խոսել: Կարծում եմ՝ դա տեղի կունենա մինչև կես տարի ժամանակահատվածում:»
Այսպիսով՝ շատ սարուձոր չընկնելով` ասենք, որ Հայաստանում բնակվող մի ստվար զանգվածի հույսերն ու սպասելիքները հավանաբար չեն արդարանա: Ի վերջո, բոլորս էլ հասկանում էինք, որ այս օրենքը հիմնականում ընդունվում էր Ղրիմի, Ուկրաինայի արևելյան և հարավային շրջանների համար: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը կոնկրետ իրավիճակային լուծումներ էր տալիս կոնկրետ արդիական արտաքին քաղաքական խնդիրերին: Բայց այլ բան է, որ տվյալ օրենքից կարող էին օգտվել ինչպես մեր շատ հայրենակիցներ, այնպես էլ բազմահազար այլ պոստսովետական երկրների քաղաքացիներ: Ինչևէ, դժբախտաբար, թե բարեբախտաբար դրա հեռանկարն ավելի մշուշոտ է դառնում: Դեռ պետք է շուրջ կես տարի ևս սպասել, որպեսզի ունենանք այս օրենքի մեկնաբանությունը` հասկանալու համար բովանդակությունը, ինչպես որ Վոլինկինն է այսօր ասել:
Տեսեք, բայց Հայաստանի քաղաքացիների համար մեծ հաշվով պետք էլ չի լինի սպասել 6 ամիս՝ ինչ-որ բան հասկանալու համար: Ի վերջո, մի քանի օրից միանալու ենք Մաքսային միությանը և, ով գիտե, գուցե մինչև մտնելը ձևավորվի արդեն Եվրասիական միությունը, և մենք միանգամից անդամակցենք այդ վերազգային կազմակերպությանը: Իսկ այդ պարագայում այլևս մեծ հաշվով քաղաքացիության կարիք էլ չի լինի: Հայաստանցիները կկարողանան ազատորեն ապրել և աշխատել Եվրասիական միության ամբողջ տարածքում: Այնպես որ, եթե ինչ-որ մեկը տխրել է Ռուսաստանի դեսպանի հայտարարությունից, շտապեմ ուրախացնել, որ այս հարցում տխրելու առիթ ապագայում հաստատ չեք ունենա: