Ըստ երիտհանրապետական կարկառուն դեմքերից մեկի՝ ՀՀԿ-ն շարունակում է մնալ «ամենաազդեցիկ քաղաքական ուժը». միգուցե ԲՀԿ-ից հետո՞: Չէ՞ որ նոր վարչապետի նշանակումը, այնուամենայնիվ, ԲՀԿ-ի սրտով էլ էր՝ ի թիվս այլ ուժերի. այնպես, ինչպես ԱԺ նախագահի նոր թեկնածու Գալուստի ընտրությունը: Հա դե, որ որոշել են, կընտրվի էլի. «կարեւորը» ՀՀԿ-ից է, ու մխիթարանք, որ ՀՀԿ-ն դեռ «ազդեցիկ ուժ է»: Ու խորհրդարանական ոչ պակաս մեծամասնություն ու «այլընտրանք» համարվող ԲՀԿ-ն էլ առանձնապես դեմ չէ, ընդդիմության համար էլ «ոչ տաք, ոչ սառը», քանի որ գիտեն, որ չընտրեն էլ, մեկ է ընտրվելու է: Չմոռանանք, որ ՀՀԿ-ին «ամենաազդեցիկ» քաղաքական ուժ համարող երիտհանրապետականը նախորդ վարչապետի հրաժարականի լուրերը եռանդով հերքում էր՝ դրա համար պատճառ չտեսնելով, իսկ այդ հրաժարականի լոբբինգով զբաղվողների ախորժակին «քացախ» էր լցնում, ու խորհուրդ էր տալիս սառը ջուր խմել: Դե եթե «վերեւներում» մանկավարժի կրթությամբ նախկին գյուղական ուսուցիչը կարող է երկրի գլխավոր օրենսդիրը դառնալ, «ներքեւներում» էլ պատմաբանի կրթությամբ մանկավարժը հանգիստ կարող է գլխավոր ճարտարապետ աշխատել. ի՞նչ մի դժվար բան է ապօրինի կառույցներն օրինականացնելը: Բա հետո էլ Սովետի ժամանակվա Գերագույն խորհուրդն են ծաղրում, թե առաջավոր կթվորուհիներից էր բաղկացած: Դե ոչինչ, հիմա էլ կաթի տեխնոլոգիայի մասնագետը կարող է քաղաքապետի՝ մամուլի հարցերով խորհրդական լինել: Օրեր են, կմթնեն, անց կկենան: Դրա համար էլ մարդիկ գլուխներն առնում-փախչում են այս անիրավական երկրից, որտեղ ոչ միայն օրենսդիր մարմնի անդամը կարող է իրավական գիտելիքներ չունենալ, այլեւ օրենսդիր մարմին ղեկավարել: Ժողովրդախոսակցական լեզվով ասած՝ «հլա գլուխներս ում ենք պահ տվել», վայ մեր օրին, վա՜...յ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել