25 Ապրիլի 2014թ.
Հարգելի պարոն Սարգսեան,
Այն որակները, որոնցով Դուք եք յանդէս գալիս մանաւանդ 2013թ.-ի սեպտեմբերից յետոյ, որեւէ երկրում անընդունելի կը համարուէր ոչ միայն երկրի նախագահի, այլեւ որեւէ քաղաքական գործչի համար։ Հենց առաջին պահից գիտական բարեխղճութեամբ անցկացուած հարցումների արդիւնքները Ձեզ տրամադրելով ԱԻՄ-ը փորձեց օգտակար լինել ճիշտ կողմնորոշուելու։ 2013թ․-ի սեպտեմբերին ժողովրդի միայն 23 տոկոսն էր համաձայն Ձեզ հետ՝ Մաքսային Միութեանը միանալու առումով եւ 77 տոկոսը կողմ էր եւրոպական արժեքային համակարգի հետ ներդաշնակ ապրելու, ԵՄ-ի հետ հարաբերութիւնները սերտացնելու Ձեր մինչեւ սեպտեմբերի 3-ը բազմաթիւ առիթներով հնչեցրած ռազմավարութեանը։
Դաւաճանելով ինքներդ Ձեզ եւ հակադրուելով հայ ժողովրդի հաւաքական կամքին ու մեր Սահմանադրութեանը, Դուք առանց նոյնիսկ նուազագոյն քննարկումների որոշում ընդունեցիք մեր ժողովրդի ճակատագիրը կապել երեք դիկտատորների գոյութիւն չունեցող դաշինքի, ըստ էութեան ռուսական կայսրութեան վերականման կողմնակիցների հետ։ Ռուսական կայսերապաշտութիւնը թէ ցարականի, թէ բոլշեւիկեանի տարբերակներով միայն կորուստներ ու ողբ է պատճառել հայ ժողովրդին։ Յիշենք, որ տասնամեակներ մեզ արգելում էին յիշել նոյնիսկ Ցեղասպանութիւնը, որովհետեւ իրենք էլ հանցակից էին։ Որեւէ լաւ բան խոստանալ չի կարող նաեւ պուտինեան կայսերապաշտութիւնը։ Նրանց նպատակը եղել է եւ մնում է իրենց դարաւոր՝ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԶ ՊԷՏՔ Է ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ» կարգախօսի իրականացումը։ Դա արդէն լիարժեքօրէն գործարկւում է նաեւ անկախ Հայաստանի պայմաններում՝ Ձեր եւ կրեմլի խամաճիկ ՀՀ նախորդ նախագահիկների լուռ համաձայնութեամբ։ Եւ մի խաբեք ինքներդ Ձեզ ու նաեւ Ձեզ հաւատացողներին, թէ Հայաստանի անվտանգութեան հարց եք լուծում նրանց հետ, ովքեր գոնէ վերջին հարիւրամեակում եղել են հիմնական վտանգի աղբիւրը եւ այսօր էլ բազմամիլիարդ դոլարների խիստ վտանգաւոր զինատեսակներով են ապահովում Հայաստանին պատերազմով սպառնացող հարեւանին։ Զարմանալի է, որ Դուք մոռացել եք նաեւ «կոլցո օպերացիան»։
Դուք երեք բռնապետիկների ընդամենը 2 տրիլիոն համախառն ներքին արդիւնք (ՀՆԱ) ուեցող պետութիւնների խամաճիկ դառնալը աւելի նախընտրելի համարեցիք քան 27 ժողովրդավավարական եւ աւելի քան 16 տրիլիոն ՀՆԱ ունեցող պետութիւնների հետ բնականոն հարաբերութիւնների խորացումը։ Մեր օրերում դժուար էր աւելի վատ բան անել։
Մենք ուզում ենք պատմականօրէն արձանագրել Ձեր ազգավնաս գործողութիւնների մերօրեայ գնայատականը եւ այդ է այս ուղերձի հիմնական նպատակը, սակայն ցանկանում ենք նաեւ արդարանալու հնարաւորութիւն ընձեռած լինել։
Փոխանցելով այս ուղերձը մենք որոշ ժամանակ կսպասենք Ձեր արձագանքին։
ԱԻՄ ներայացուցչական խորհրդի եւ . Ապրիլի 25-ի հանրաւաք-երթի մասնակիցների անունից՝
ԱՄԿ-ԱԻՄ առաջնորդ Պարոյր Հայրիկեան