tsitsernakaberd 2014 թվական, ապրիլի 24: Մեկ տարի է բաժանում մեզ 2015 թվականից: Թվական, որը մեր իսկ ջանքերով, երազներով ու ՊԱՏՐԱՆՔներով դարձել է ինչ-որ բեկումնային իրադարձությունների սպասումների տարի: Իսկ իրականում 2015 թվականը ոչնչով ՉԻ տարբերվի ո՛չ 2014-ից, ո՛չ 2004-ից և ո՛չ էլ հետխորհրդային մյուս բոլոր տարիներից: Մենք բոլորս «կբարձրաձայնենք» այդ ողբերգության մասին, մի քանի միջոցառում ավել կլինի (չենք սահմանափակվի միայն ապրիլի 22-26 ընկած ժամանակահատվածով), մի երկու ավել ելույթ ու մեկնաբանություններ կլինեն, ֆեյսբուքյան գրառումներն ու նկարները ևս սովորականից շատ կլինեն, իսկ յութուբում հայ- թուրքական փոխադարձ հայհոյանքները կհասնեն նոր և միգուցե աննախադեպ չափերի:
Եվ այս ամենի պատճառը հենց ՄԵՆՔ ենք՝ ՀԱՅԵՐՍ, և հենց մեզ՝ հայերիս էլ, նվիրված է այսօրվա գրառումս: Առաջարկում եմ մի պահ մտածել, թե այս խնդրի լուծման կամ այս ողբերգության հետևանքների վերացման գործի որ փուլում ենք այսօր՝ 99 տարի անց: Ինչ ենք արել, և ինչ ունենք անելու: Փորձեմ պատասխանել այս հարցադրմանը՝ հիմնական շեշտը դնելով հետխորհրդային տարիների վրա: Ինչո՞ւ հետխորհրդային: Որովհետև խորհրդային ժամանակաշրջանում, կարծում եմ, հայ ժողովուրդը քիչ թե շատ, հնարավորի սահմաններում (կամ միգուցե ավելի քիչ), որոշակի քայլեր կատարելով, հիշեցրեց աշխարհին և ՀԱՅԵՐԻՆ իր ողբերգության մասին (խոսքս 60-ականներին է վերաբերվում):
Ինչ վերաբերում է անկախության ժամանակաշրջանին, ապա որքան էլ տարօրինակ հնչի, բայց չի արվել ոչինչ, կամ գրեթե ոչինչ մեռյալ կետից առաջընթաց գրանցելու ուղղությամբ: Անգամ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ գնացող մարդկանց քանակն է տարեցտարի նվազում, և պատճառը միայն արտագաղթը չէ:
Առաջին հերթին չկա խնդրի էության ճիշտ պատկերացում ո՛չ պետական, ո՛չ եկեղեցու և ո՛չ էլ հասարակական-քաղաքական առանձին շրջանակների մակարդակով: Եվ միայն անհատներն են (այն էլ հաշված թվով),  որ տիրապետում են խնդրի իրական էությանը և փորձում են կրթել մյուսներին: Ցայսօր չկա հստակ պատկերացում, թե որոնք էին Ցեղասպանության պատճառները: Հնչում են տեսակետներ, թե պատճառը մեր քրիստոնյա լինելն էր կամ այն, որ ռուսների պոչն էինք բռնել, կամ էլ մինչև այդ եվրոպաներում էին բզբզում: Սակայն, սրանք առավելագույնս երկրորդական պատճառներ էին, կամ անգամ՝ ենթապատճառներ: Միակ ճշմարտությունն այն էր, որ մեր հայրենիքն էին ուզում խլել, վերջնականապես տիրանալ այն հողերին, որի վրա բնակվող հայերը բաժանում էին թուրքական աշխարհը երկու մասի: Խնդիրը ՀՈՂԵՐՆ էին և այսօր էլ ՀՈՂԵՐՆ են: Վստահ եմ, եթե փոխհատուցման հարցը գումարների մասին լիներ մի քիչ կսակարկեին և այդ գումարները կմուծեին ու կպրծնեին այս գլխացավանքից, որ կոչվում է Հայոց ցեղասպանություն: Այո՛, հայերը քրիստոնյա էին, այո՛ իրենց խնդիրները փորձում էին ռուսների աջակցությամբ լուծել, բայց մի՞թե հայերը միակ քրիստոնյաներն էին կամ միակ ժողովուրդն էին, որ օտարի օգնությանն էին դիմել…Ո՛Չ:

Պատճառների մասին սխալ պատկերացումներին հաջորդում է սխալ լուծումների փնտրտուքը: Այսօր ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է: Հարց է ծագում, թե ում է պետք այդ միջազգային ճանաչումը: Դա՞ է լուծումը: Մի երկու նախագահ, որ կագնում ասում են ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է եղել, նշանակում է, որ արտաքին քաղաքականությունը հաջողությա՞մբ ենք իրականացնում: Թե՞ որ նման հայտարարություններ կամ բանաձևեր ենք տեսնում նոր ենք համոզվում, որ կատարվածը ցեղասպանություն էր: Նման մոտեցումն ուղղակի անհեթեթ է: Եվ հենց սրա հետևանք է, որ ժողովրդի մեջ նստվածք է տվել ամեն տարի սպասել ապրիլ 24-ի երեկոյին, որ տեսնենք Օբաման կասի՞ «GENOCIDE», թե չի ասի:

Հաջորդ (իմ կարծիքով ամենավտանգավոր) խնդիրը մատաղ սերնդի դաստիարակության և գիտելիքների փոխանցման հարցն է: Գնալով պակասում է այն մարդկանց թիվը, ովքեր գոնե բազային գիտելիքներ ունեն Հայոց ցեղասպանության մասին: Ավագ սերունդը, որ «առաջին շուրթերից» էր լսել իր պատմությունը իր վրա կրում էր պատասխանատվություն, բայց կամաց- կամաց այդ պատասխանատվության կամ խնդրի հանդեպ սեփականության զգացումը վերանում է: Պատմական հիշողությունը ինքնին հզոր ուժ է, բայց այն պետք է համալրվի անհրաժեշտ տեղեկատվությամբ, որպեսզի կարողանա դիմագրավել արտաքին աշխարհին: Այսօր մի կողմից երիտասարդները չեն տարբերակում «Ծիծեռնակաբերդը» «Եղեռնից», իսկ մյուս կողմից երկրի ներսում և երկրից դուրս բազմաթիվ կազմակերպություններ իրենց գրանտերով տարածում են «տոլերանտության» գաղափարը, որը ոչ այլ ինչ է քան «մոռանա՛նք անցյալը և բարեկամանանք մեր հարևանների հետ»: ՊԵՏՔ է հիշել, որ անցյալի մոռացությունը ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ խնդիր է:
Բարեկամնե՛ր, ոչինչ չի փոխվել:Աշխարհը նույն աշխարհն է, միջազգային հանրությունը նույն իներտ վիճակում է, գերտերություններն ունեն իրենց շահերը և առաջնորդվում են միայն դրանցով, իսկ թուրքը նույն շունն է՝ անկախ նրանից անունն ինչ է: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ ցեղասպանողի տեսակը նրանց ազգային ինքնության բաղադրիչն է, որի վառ ապացույցները տեսանելի են ամեն օր:
Պատահական չէ, որ հենց այս թեմայով եմ վերսկսում այս բլոգը և այսուհետ հաճախակի անդրադառնալու եմ այս խնդրի տարբեր կողմերին: Ինչպես մի անգամ այլ առիթով ասել է Ս. Սարգսյանը, մեր անելիքները բազմաթիվ են և բազմապիսի և դա այդպես է: Հայաստանի Հանրապետությունը (Արցախի մարզով հանդերձ) այսօրվա սահմաններով բավարար չէ, որպեսզի վերստին զորանա հայ ժողովուրդը: Գալու է այն օր, երբ հայոց աշխարհը վերամիավորվելու է և այդ օրվան հասնելու ենք միասնական աշխատանքով ու պայքարով: Սա ռոմանտիկ երազ չէ, այլ հնարավոր իրականություն: Եվ ինչպես վերևում նշեցի պատճառը մեր՝ հայերիս մեջ է, հիմա վստահաբար կարող եմ ասել, որ լուծումն էլ մեր ձեռքերում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել