ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական քաղաքացիության տրամադրումը հեշտացնելու մասին օրենքը, ի վերջո, ստորագրեց: Նրանց համար, ովքեր չէին լսել այս օրենքի մասին, ասեմ, որ այսուհետ բոլոր այն մարդիկ, ովքեր հանդիսանում են ռուսաց լեզվի կրող, կարող են հարցազրույց անցնել հատուկ հանձնաժողովում և ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն: Օրենքը հիմնականում վերաբերում է այն անձանց, ովքեր ապրում են ԽՍՀՄ, Ռուսական կայսրության կամ էլ ժամանակակից ՌԴ սահմանների շրջանակում: Այլ կերպ ասած, եթե նույնիսկ անձի ծնողները, կամ էլ նախնիները ապրել են այդ տարածքում, ապա վերջինիս, ապացուցելով լեզվի` իր փայլուն իմացությունը, այլևս իրավունք է ստանում մասնակցելու այդ հարցազրույցին և դառնալու Ռուսաստանի քաղաքացի:
Կարճ ասած՝ արտագաղթի տեմպերը Հայաստանում, ամենայն հավանականությամբ, կարագանան, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների թիվը կպակասի: Եբր ասում եմ, որ քաղաքացիների թիվը կպակասի, նկատի ունեմ՝ բոլոր նրանք, ովքեր այժմ անօրինական բնակություն են հաստատել Ռուսաստանում, մեծ սիրով և պատրաստակամությամբ կհրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից՝ հանուն Ռուսաստանի: Այնպես որ, այն թղթի վրայի թիվը, որ մեզ մինչ այժմ համոզում է, թե իբր մեր բնակչությունը 3.000.000 է, մի քանի հարյուր հազարով հաստատ կպակասի` հոգեբանական մեծ ճնշում գործադրելով մեզ վրա:
Իսկական խայտառակություն է, որ Ռուսաստանի ինչ-որ օրենք կարող է Հայաստանի ազգային անվտանգութան համար հանդիսանալ լրջագույն սպառնալիք: Մյուս կողմից, հասարակ քաղաքացիներին ևս դժվար է մեղադրել, կամ էլ հանդիմանել, որ լքում կամ էլ կարող են լքել Հայաստանը: Լավ օրից չէ, որ մարդիկ լքում են մեր երկիրը: Այնպես որ, չգիտեմ էլ՝ ինչ ասեմ, բացի նրանից, որ «չարաբաստիկ» օրենքն այլևս ուժի մեջ է, և մեր իշխանությունները պետք է ջանք ու եռանդ չխնայեն, որպեսզի իրավիճակ փոխեն Հայաստանում, այլապես արտագաղթի համար ստեծվում են «իդեալական» պայմաններ: