ԱԺ նախագահի թեկնածուների շուրջ հասարակական փնտրտուքի օղակը կարծես թե սեղմվում է: Հնարավոր թեկնածուները քաղաքական վերադասավորումների արդյունքում լքում են հավակնորդների ցուցակը: Այս օրերին շրջանառվող թեկնածուների անուններից դուրս եկավ Դավիթ Հարությունյանը, որին շնորհվեց նախարարական պորտֆել: Ապագա կառավարության կազմում սպասվելիք նշանակումները, կարծես թե, լուրջ փոփոխություններ են նախանշում խորհրդարանի խճանկարում. ԱԺ-ում առկա ինտելեկտուալ անձիք, որոնք առանց այն էլ սակավ են, տեղափոխվում են կառավարություն՝ առավել ընդգծելով խորհրդարանի՝ առանց այն էլ անմխիթար վիճակը:
Եվ կրկին ԱԺ նախագահացուների երկնակամարում հայտնվել է Գալուստ Սահակյանը: Եթե մինչև այժմ աբսուրդի ժանրից էր, թե ինչու է Սերժ Սարգսյանը շարունակաբար օգտվում լրատվական դաշտի այս պատրաստի հումքի ծառայություններից, այժմ արդեն իրադարձությունները զարգանում են տրամաբանությանը հակառակ ուղղությամբ: Միգուցե Սերժ Սարգսյանի տեսանկյունից Գալուստ Սահակյանը օգտակար ծառայություններ է մատուցում իշխանություններին, սակայն քաղաքական դաշտում իր աբսուրդ ներկայության համար նա վաղուց լիուլի վարձատրվել է: Սահակյանը տիրապետում է ահռելի բիզնեսների, որդիներին հարմարավետորեն տեղավորել է առողջապահության փոխնախարարի և Պետական գույքի կառավարման վարչության պետի աթոռներին, էլ չեմ խոսում աներորդու մասին, ով ԱԺ պատգամավոր է և «Հրազդան» մարզադաշտի սեփականատերը. արդյո՞ք Սերժ Սարգսյանը այս ամենը բավարար չի համարում մի մարդու համար, ով իր մարիոնետային դերակատարմամբ և աբսուրդ հայտարարություններով հասցրել է լցնել հասարակության համբերության բաժակը:
Նորանշանակ վարչապետը կլանային տնտեսության վառ ներկայացուցիչ է՝ իր հսկայածավալ բիզնես - կայսրությունով: Նմանատիպ իրավիճակում է նաև Գալուստ Սահակյանը: Արդյո՞ք ժամանակը չէ կանգնեցնելու իշխանությունը ամբողջովին օլիգարխներին հանձնելու գործընթացը: Ի՞նչն է ստիպում գործող նախագահին երկրի առանցքային պաշտոններից մեկում նշանակել զրո օգտակար գործողության գործակցով և քաղաքական դաշտում իր ներկայությամբ մարդկանց չցնորվելու իրավունքը խաթարող գործչին:
Եվ բավական է ձեր հետևից քարշ տաք ձեր ամբողջ ծերակույտը: Վերջին տարիների նշանակումներից տպավորություն է ստեղծվում, թե յոթանասունականներից սկսած Հայաստանում ծնելիությունը իսպառ վերացել է և նոր մարդիկ չեն ծնվել: Իշխանությունից ճահիճի հոտ է գալիս, ընդ որում՝ այդ ճահիճը այնքան է նեխել, որ կլանում է անգամ այնտեղ հայտնված հատուկենտ նորմալ կադրերին:
Հասարակությունը իշխանություններից սպասում է փոփոխություններ, ոչ թե Գալուստի և մյուսների կյանքի որակի փոփոխությունը: Իսկ փոփոխությունների համար թարմություն է պետք: Տասնամյակներ շարունակ իշխանության ղեկին են նույն աբսուրդ դեմքերը, ովքեր ցանկացած առնետավազքի ժամանակ կարողացել են մեկ նավից հարմարավետորեն տեղափոխվել մյուս նավ: Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստան է ներմուծվել ցողունային բջիջների հսկայական խմբաքանակ, որ իշխող ծերակույտին հնարավորություն տրվի անընդհատ իշխել, իշխել մշտապես, սավառնել ամպերի մեջ: Եվ ցանկացած նոր իշխանություն թույլ է տալիս, որ նրանք շարունակեն կրծել պետության արմատները և սղոցել մարդկանց նյարդերը:
Հասարակությանը հերթական փորձության մի տարեք: Նրանք առանց այն էլ թանկ են վճարել՝ ձեզ իշխանության ղեկին թողնելու համար: