1in.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ում «լիակատար զառանցանք» են անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, թե դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Դանիայի վարչապետ եղած ժամանակ գաղտնի ձայնագրել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցը։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի մամլո քարտուղար Օանա Լունգեսկին։ 

«Այդ մեղադրանքները լիակատար զառանցանք են։ Դանիայի վարչապետ եղած ժամանակ պարոն Ֆոգ Ռասմուսենը որևէ ձայնագրիչ չի բերել պարոն Պուտինի կամ ցանկացած մեկի հետ հանդիպումը ձայնագրելու համար»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ Պուտինն այդ պատմությունն արել է, որպեսզի հասարակությանը շեղի «Ուկրաինայում իր անօրինական գործողություններից»։ 

Ռուսաստանցիների հետ «ուղիղ գծի» ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով պետությունների միջև վստահության մասին, պատմել է, թե ինչպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Դանիայի վարչապետ եղած ժամանակ գաղտնի ձայնագրել է իր հետ խոսակցությունը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել