Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի առաջարկով ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել ձերբակալված անձանց պահման վայրում առկա թերությունները շտկելու ուղղությամբ: Շուրջ 20 օրերի ընթացքում արվել են հետևյալ բարեփոխումները.
1. Այսուհետ համապատասխան մատյանում պարտադիր կերպով կնշվի ձերբակալվածների ընդունման ժամը` բացառելով ձերբակալվածներին սահմանված ժամից ավել պահելու հավանականությունը:
2. Խցում եղած անբարեկարգ վիճակը շտկելու համար կատարվել են համապատասխան վերանորոգման աշխատանքներ:
3. Նախկինում կարգավորված չի եղել ձերբակալված անձանց զանգերի իրավունքի ապահովման հարցը, այժմ արդեն տեղադրված հեռախոս-ավտոմատի միջոցով ձերբակալվածները կկարողանան զանգել:
4. Ձերբակալվածների տեսակցություններն իրենց հարազատների հետ կկանոնակարգվեն և դրանց օրերն ու ժամերը ֆիքսելու համար կլինեն հաշվառման մատյաններ:
5. Պաշտպանը մտահոգություն է հայտնել ձերբակալված անձանց՝ 72 ժամից ավել պահելու հավանականության վերաբերյալ, որի արդյունքում ԱԱԾ տնօրենի կողմից հանձնարարվել է, ԱԱԾ քննչական վարչության հետ համագործակցությամբ, խստագույնս բացառել դրա հնարավորությունը:
6. Իրականացվել է խցերի սանհանգույցների ամբողջական մեկուսացումը խցի բնակելի մասից:
7. Զբոսանքի վայրում տեղադրվել է նստարան:
8. Նախկինում ձերբակալված անձանց համար չի նախատեսվել ճաշացանկ, այսուհետ այն կփակցվի համապատասխան վայրում:
9. Խցում եղել է 2 մահճակալ, որից մեկը դուրս է բերվել՝ ապահովելու համար Օրենսդրությամբ սահմանված մեկ անձի համար նախատեսված 4 քմ պահանջը:
10. Բռնության հնարավոր դեպքերը բացահայտելու և կանխելու նպատակով այսուհետ կարձանագրվեն հարցաքննությունից հետո ձերբակալվածների մոտ մարմնական վնասվածքների առկայությունը կամ բացակայությունը:
Նշված խնդիրներն արձանագրվել են Մարդու իրավունքների պաշտպանի բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի (ԲԿԱՄ) կողմից: Օմբուդսմենը կարևորում և բարձր է գնահատում Ազգային անվտանգության ծառայության հետ կառուցողական համագործակցությունը՝ ոլորտում առկա խնդիրները վերհանելու և համատեղ ուժերով դրանց արդյունավետ լուծումներ տալու գործում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ombudsmanarmenia/photos/a.364064180275268.105146.358522134162806/815009295180752/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել